Azatutyun.am-ը գրում է.

Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

- Պարոն Գրիգորյան, ի՞նչ նկատի ուներ Ալիևը, որ ասում էր՝ կա միջազգային պայմանավորվածություն բանակցել Ղարաբաղի հայերի հետ:

- Դեռևս սեպտեմբերին մենք Վաշինգտոնում հանդիպում ենք ունեցել Ջեք Սալիվանի և Հիքմեթ Հաջիևի հետ, և քննարկման թեմաներից մեկը եղել է հենց միջազգային մեխանիզմի ձևավորումը: Կարծում եմ՝ սա նկատի ուներ, որ միջազգային մեխանիզմի մասին երբ խոսում ենք, որի շրջանակներում քննարկումներ պետք է տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև, բայց այս քննարկումները վերջնագրերի մասին չեն, որովհետև Ադրբեջանը որոշակի վարքագիծ է դրսևորում, որը դուրս է պայմանավորվածություններից, այսինքն՝ փորձում է վերջնագրերով խոսել, շարունակում է տարբեր գործիքներով ճնշել Լեռնային Ղարաբաղին, նկատի ունեմ՝ Լաչինի միջանցքը փակ պահել, դիվերսիան, ահաբեկչական գործողություններ իրականացնել, նկատի ունեմ մարտի 5-ին, նաև ինչպես Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունն էր չորեքշաբթի օրը հայտարարել՝ ահազանգում է, որ Ադրբեջանը պրովոկացիաների է նախապատրաստվում:

- Բաքուն պնդում է, որ այդ երկխոսության օրակարգում պետք է լինի Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցը, և հայտնի է՝ Ստեփանակերտը մերժում է:

- Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Բոլորն էլ հրապարակային խոսել են, որ այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն:

- Երևանի դիրքորոշումն է, որ չպետք է քննարկվի:

- Երևանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչ պայմանավորվել ենք, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի շրջանակներում:

- Ըստ Ադրբեջանի՝ դա կարող է և ենթադրել ինտեգրացիա:

- Եթե կանխորոշում ենք վերջնարդյունքը, ապա այդ բանակցությունները դժվար են առաջ գնալու, որովհետև Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին: Դրա համար որպեսզի բանակցությունները տեղի ունենան, պետք է հնարավորություն ստեղծել քննարկումների մասին, և պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև մենք պայմանավորվել ենք քննարկելու անվտանգություն և իրավունքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել