Aravot.am-ը գրում է.

«Առավոտը» զրուցել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի հետ։

-Որպես ռազմական եւ քաղաքական գործիչ՝ ի՞նչ գործողություններ եք պատրաստ անել, եթե ՀՀ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործնական փուլ է մտցնում Արցախի հանձնումը Ադրբեջանին:

-Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանը լինի, թե մեկ ուրիշը, Արցախը իր չէ, որ հանձնեն։ Երկրորդ՝ Արցախը իր անկախությունը ձեռք է բերել միջազգային և սովետի բոլոր օրենքներին համապատասխան և դա քննարկման ենթակա չէ։ Ես ասել եմ՝ Արցախը լինելու է անկախ և անվտանգ պետություն և դրան մենք պետք է գնանք բոլոր ճանապարհներով՝ Ադրբեջանի հետ բանակցություններ տանելով, միջազգային իրավական ատյաններում և անվտանգային։ Հայաստանը և Արցախը պետք է գործեն Թուրքիայի և Ադրբեջանի նման «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Այսինքն՝ Հայաստանը ապահովում է Արցախի սոցիալական կայունությունը, մնացածը Արցախն է որոշում, Հայաստանն էլ օգնում է նրան։ Եվ իմ ամբողջ ջանքերը ուղղված են լինելու հենց սրան։ 

-Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանին հաղթած հրամանատարներից մեկն եք, 1994-ի հրադադարից հետո նաեւ բազմաթիվ շփումներ եք ունեցել ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների հետ, 2020-ի պատերազմի ժամանակ Արցախում ԱԽ քարտուղարի պաշտոնն էիք զբաղեցնում. Ձեր կարծիքով Ալիեւն անկե՞ղծ է, երբ խոսում է Արցախի հետ ուղիղ բանակցությունների մասին՝ մշտապես հայտարարելով, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Ի դեպ, նա չի խոսում Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների մասին, այլ «Ղարաբաղի հայերի որոշված ներկայացուցիչների» հետ բանակցությունների մասին, իսկ այդ ներկայացուցիչներին կարծես ինքն է որոշում. Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը դրա դրսեւորումներից չէ՞։

-Նախևառաջ ես ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպել եմ մի անգամ. 1994թ․ հանդիպել ենք մեծ պայմանագիր կնքելու համար, Ադրբեջանի պատվիրակությունը թողել, հեռացել է։

Փոխվստահությունը հենց դա է, որ հանդիպել, ներկայացնել մեր պահանջները, մեզ համար հստակեցնելու խնդիր ունենք՝ անկե՞ղծ են, երբ ասում են պատրաստ ենք խոսել։ Բազմաթիվ անգամ ասել եմ, որ Արցախը հետ չի կանգնելու իր անկախությունից և ինքնիշխանության շուրջ է տանելու իր բանակցությունները։ Կրկնում եմ՝ որպեսզի Ադրբեջանը վասալ չդառնա, այսինքն՝ որպեսզի պահպանի իր անկախությունը, պետք է զիջումների գնա Արցախի հարցում։ Իրենք էլ են դա գիտակցում, դրա համար էլ ուզում են մեր հետ խոսեն։ Դրա համար էլ ուղիղ պիտի բանակցենք, դրա հետ միասին էլ միջազգային դատարաններ մտնենք, մեր հարցերը իրավունքով և օրենքով առաջ տանենք։

Չեմ համարում, որ Ռուբեն Վարդանյանի հարցը Ձեր ասածով է։ Ադրբեջանը նրան համարում է Ռուսաստանի ներկայացուցիչ, որը սառեցնում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը։ Դրա համար էլ վակուում են առաջացրել այնքան, որ Արցախի իշխանությունը ազատվի նրանից ու գնա բանակցության։

-Ո՞վ է փակել Բերձորի միջանցքը. օրինակ, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ ՌԴ-ն է փակել:

-Դա եմ ասում՝ Ադրբեջանը փակել է միակ ճանապարհը, որ ճնշում գործադրի, իր հարցերը լուծի։ Ռուսաստանն էլ չկարողանա պրոցեսի վրա ազդի և դրանով էլ Ադրբեջանը մեզ ցույց տա Ռուսաստանի թուլությունը, մեզ այլընտրանք չթողնի, որ մենք էլ ուզած-չուզած խոսենք հետը։

-«Այոˊ, պատասխանատվության եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Բաքվին չեմ հանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը»,-մեջբերումը Ձեր վերջին հայտարարությունից է. սպառնում եք, փաստորեն, ո՞ւմ։

-Որևիցե մեկին չեմ սպառնում։ Ես կարծիք եմ ասել։ Երկիրը թալանածները ինձ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ և դա անում են ֆեյքերով և լրատվական աղմուկով։ ՌԴ-ն պիտի ապահովեր անվտանգություն, չի կարողանում ՝ ինչպես տեսնում եք։ Երկու տարի է այս վիճակին բերողներից առաջարկ չեմ լսում, հիմա էլ ոռնում են, թե բա ՝ եկավ, մեզ կերավ, մեզ հանձնեց։ Ես էլ ասել եմ՝ պատասխանատվության ենթարկվելու եք, բայց, արխային մնացեք, Բաքվին չենք հանձնելու։

– Բոլորը՝ այդ թվում Դուք եւ Ռուբեն Վարդանյանը, հայտարարում եք, որ խնդիրը Արցախը փրկելն է. այդ դեպքում ինչո՞ւ չստացվեց Ձեր եւ Ռուբեն Վարդանյանի համագործակցությունը: Դուք ի սկզբանե վերապահումով էիք արտահայտվում նրա՝ Արցախ գալուն:

-Որպես անհատ և պառլամենտական երկրորդ ուժի ղեկավար, պատրաստ եմ եղել աջակցել Ռուբեն Վարդանյանին։ Պետնախարար նշանակվելուց հետո նրա հետ հանդիպել եմ, պայմանավորվել ենք ծրագրային աշխատել։ Ես իմ մասը արել եմ, ծրագրեր եմ ներկայացրել, ասել եմ՝ կուսակցությունը քեզ աջակցելու է, բայց իր կողմից գործնականում ոչինչ չի արվել։ Համարում եմ պատճառը նա, որ չի կարողացել ազատ գործել այն մարդկանցից, ովքեր իրեն քավոր են կանգնել Արցախում։ Ինքը, օրինակ, հայտարարում էր, որ խորհրդակցում է նախկին նախագահների հետ, նրանց հետ կանգնում էր միևնույն շարքում և այլն։ Դա էլ նրանց վերարտադրվելու հույսեր էր տվել։ Իմ դեպքում այլ է՝ ես որ գամ, բոլորը պիտի պատասխան տան, թալանածը հետ տան մեր ժողովրդին։

Իր վերջին հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը ասել է, որ չի կարողացել կառավարման համակարգում բան փոխել, որովհետև նախագահի և իր մոտեցումները չեն համընկել։ Հիմա ես էլ ասում եմ՝ բա քեզ ո՞վ է խանգարել հենվել մեր կուսակցության վրա, որպեսզի սաղ ռեֆորմը անես։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել