Civilnet.am-ը գրում է.
Հայաստանն ավելի քան 850 000 դոլարի չափով տուգանք է նշանակել հյուրանոցային ամրագրումների ամենամեծ հարթակի՝ Booking ընկերության նկատմամբ։ Համապատասխան որոշումը կայացրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հունվարի 27-ին։ Այս մասին գրում է Civilnet.am-ը:
ՄՊՀ-ն ընկերությանը մեղադրում է գերիշխող դիրքի չարաշահման մեջ։ Booking-ի գործողությունների հետ կապված վարույթ հարուցվել էր դեռ անցած տարվա ապրիլին։ Ըստ որոշման՝ Booking-ի դասակարգումներում Հայաստանն «ընդլայնված պարիտետով երկրների» խմբում է, ինչից բխում է, որ հյուրատնային կացարանը կամ հյուրանոցի համարը Booking-ով այցելուին առաջարկելու դեպքում, ընկերության կողմից մի շարք սահմանափակումներ են գործի դրվում։ Այսպես՝ հյուրատունը կամ հյուրանոցը Booking-ում իր ծառայությունները ներկայացնելու դեպքում նմանաբնույթ այլ կայքերում չի կարող ավելի էժան գին առաջարկել, քան Booking-ում է։ Սա, ըստ ՄՊՀ-ի, գերիշխող դիրքի չարաշահում է։
Booking-ը, վարույթի շրջանակում պատասխանելով ՄՊՀ-ին, հայտնել է, որ հանձնաժողովը չի ներկայացրել որևէ վերլուծություն այն մասին, որ ընկերությունն ունի գերիշխող դիրք ու չարաշահում է այն։ Անդրադառնալով այլ ամրագրումների հարթակում կացարանների գնի՝ Booking-ից ավելի էժան չլինելու պահանջին, ընկերությունը պարզաբանել է՝ իրենք ներդրումներ են կատարում հարթակում ու ողջամիտ է, որ կացարանների հետ պայմանագրերում ապահովվի այդ ներդրումների փոխհատուցումը։ «Լայն պարիտետ»-ի գոտին ՀՀ-ում կիրառելու վերաբերյալ հարցին ընկերությունը պատասխանել է՝ այդ դեպքում որպես վերջնական արդյունք նշվածը կհանգեցնի նրան, որ իր նման ընկերությունները կդադարեցնեն ներդրումները՝ բարձր որակի ու օգտակար առցանց տեխնոլոգիաներում։ Արդյունքում կտուժեն ինչպես ճանապարհորդները, այնպես էլ կացարաններ տրամադրողները։