Հետաքրքիր է կարդալ  Foreign Affairs պարբերականը, ընդ որում ոչ թե այն պատճառով, որ այն իբր թե ամենախոր և առաջադեմ վերլուծություններն է առաջարկում, այլ նրա տեքստերից կարելի է հասկանալ թե ինչ է մտածում ամերիկյան էլիտան ու առավել ևս՝ այդ էլիտայի համար աշխատող «ուղեղային կենտրոնները», քանի որ ոլորտից հասկացողներին քիչ թե շատ հայտնի է, որ այս պարբերականը որոշ առումով եղել և մնում է ԱՄՆ վարչակարգերին մոտ կանգնած վերլուծաբանների և մտավորականների «խոսափողը»:
http://www.foreignaffairs.com/

Սեպտեմբերի 2-ին այս պարբերականի կայքում հրապարակված հոդվածում, որը վերնագրված է «Անօդաչու սարքերը Դամասկոսի վրա», հանդիպում ենք մի շարք անհիմն պնդումներ, որոնք հարիր չեն լուրջ համարվող այնպիսի պարբերականի, ինչպիսին է «Foreign Affairs»-ը:
Օրինակ հոդվածում նշվում է, որ «Անօդաչու սարքերը ԱՄՆ ցամաքային զորքերին հետախուզական տեղեկություններ հաղորդելու հարցում ապացուցել են իրենց նշանակալի էֆեկտիվությունը՝ պաշտպանելով նրանց  թշնամիների  հարձակումներից և կրճատելով դժբախտ պատահարները քաղաքացիների շրջանում»(ընդգծումը՝ Հ. Ղ.): Անկասկած նման սարքերը կենսական նշանակություն ունեն հետախուզական գործունեության և ցամաքային ու ոչ միայն ցամաքային զորքերի պաշտպանունակությունը մեծացնելու համար և այլն: Սակայն հեղինակը նշում է, որ այդ  սարքավորումները «կրճատել են դժբախտ պատահարները քաղաքացիների շրջանում»: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կողմից նման սարքավորումների օգտագործման արդյունք հանդիսացող դժբախտ պատահարներին իմաստ չունի անդրադառնալ ու հղումներ անել այլ աղբյուրներից, որպեսի ցուց տանք այդ «դժբախտ պատահարների կրճատման» անհեթեթությունը: Այլ բավական է, հենց անդրադառնանք նույն հոդվածում հեղինակի մտքերին: Հեղինակը ծավալվելով՝ թե ինչու չի էֆֆեկտիվ Սիրիայի դեպքում օգտագործել այդ սարքավորումները, նշում է որ "Since U.S. drones are deeply despised in the Middle East", բառացիորենն ստացվում է «քանի որ   Մերձավոր Արևելքում մեծապես ատում են ԱՄՆ անօդաչու սարքերը»: Առաջանում է հարց, իսկ ի՞նչու են ատում այդ սարքերը Մերձավոր Արևելքում: Գուցե հեղինակի նշած «քաղաքացիների շրջանում դժբախտ պատահարների կրճատման» պատճառո՞վ է, որ Մերձավոր Արևելքում ատում են այդ սարքավորումները, թե՞ ինչպես հեղինակն է նշում,  «այդ սարքերը ճշգրիտ են, բայց կատարյալ չեն»...
Պարբերականը նշում է, որ «Սիրիական նախագահ Բաշար Ասադը ակնհայտորեն օգտագործել է զարին գազ՝ սպանելու հազարավոր քաղաքացիների»: Հաշվի առնելով այս պարբերականի կողմնակալ դիրքորոշումները, զարմանալի է, որ այս պարբերականը Բաշար Ասադին դեռ անվանում է  նախագահ, սակայն կարևորը դա չէ, կարևորը այս լուրջ համարվող պարբերականի կողմից պնդումն է, որ «Ասադը ակնհայտորեն օգտագործել է զարին գազ»:
 Կարելի է անդրադառնալ նմանատիպ մի շարք արտահայտությունների այս հոդվածում, սակայն անդրադառնանք այն գերնպատակին, որին հետապնդում է հոդվածը: Հոդվածի գլխավոր թիրախը՝ գերնպատակը, հիմնավորելն է թե ինչու այլ միջոցների՝ այսինքն անօդաչու թռչող սարքերի կամ Քրուիզ հրթիռների օգտագործումը էֆֆեկտիվ չէ Սիրիայի դեպքում, այլ միակ տարբերակը Սիրիայի դեմ լայնածավալ ռազմական գործողություններն են: Իսկ հեղինակը վերջինս հիմնավորելու համար, անդրադառնում է այդ սարքավորումների օգտագործման սահմանափակումներին, առավել ևս Սիրիայի՝ քիչ թե շատ կայացած ՀՕՊ համակարգ ունենալու պայմաններում դրանց օգտագործման սահմանափակումներին և նշում, որ միակ տարբերակը այդ ՀՕՊ համակարգը շարքից հանելն է: Այսինքն  իբր թե հոդվածը խոսում է նեղ ռազմական հարցից, բայց դրա նպատակը Սիրայի նկատմամբ լայնածավալ հարձակման հիմնավորումն է: 

Հոդվածը պնդում է, որ «Միացյալ Նահանգները ցանկանում է պատժել Ասադի ռեժիմին սիրիական ժողովրդի հանդեպ քիմիական զենք օգտագործելու համար և կանխել որպեսի դրանք չօգտագործվեն կրկին: Անօդաչու սարքերի հարվածները այս նպատակի համար պատճաշ չեն: Այդ հարվածները անհավանական է, որ բավարար ցավ պատճառեն կամ կանխեն մյուս բռնապետերին Ասադի ուղուն հետևելուց: Առավել ընդհանրական նպատակը՝ ամրապնդելն է դրանց օգտագործման դեմ գլոբալ նորման և այդպիսի վսեմ նպատակը կարող է իրագործվել միայն ուժեղ միջազգային արձագանքի դեպքում»(ընդգծումը՝ Հ.Ղ.): Ասադի կողմից նման զենք օգտագործելու այս հոդվածի անհեթեթ պնդմանը արդեն անդրադարձանք: Մյուս հարցն է առաջանում. Ասադի ռեժիմին հավանական հետևորդ մյուս բռնապետերը ո՞վքեր են: Գուցե այդ բռնապետերից մեկը ԱՄՆ-ի շատ սիրելի Սաուդների դինաստիա՞ն է կամ ոչ վաղ անցյալում Սադամ Հուսեյնի բռնապետական ռեժիմն էր, որինԻրանա-Իրաքյան պատերազմի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցել է որպեսի քիմիական զենք կիրառի Իրանի Իսլամական Հանրապետության զորքերի նկատմամբ: Կամ  հեղինակը խոսում է գլոբալ նորման ամրապնդելուց ու դա համարում "վսեմ նպատակ": Ակնհայտորեն կողմ լինելով Սիրայի նկատմաբ ռազմական լայնածավալ գործողություններին, որի հիմնավորմամբ էլ տարված է այս հոդվածի հեղինակը և խոսելով գլոբալ նորմայի ամրապնդումից , հեղինակը մոռանում է, որ այդ նույն անօդաչու սարքերի օգտագործումը գլոբալ նորմաների խախտմամբ է, որի մասին այդքան խոսվել ու գրվել է: Դեռ ավելին, հեղինակը խոսում է գլոբալ նորմայի ամրապնդումից ու  չի խոսում այն մասին, որ այդ գլոբալ նորման հերթական անգամ անտեսվեց, ուստի այդ նորման ամրապնդելուց խոսելը առնվազն անհեթեթություն է: Եվ ինչպես նշում է  Չոմսկին. «Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվելիք Սիրիայի նկատմամբ հարձակումը առանց ՄԱԿ-ի աջակցության կլինի պատերազմական հացագործություն՝ անկախ նրանից կոնգրեսը հավանություն կտա թե ոչ»:


Հուսիկ Ղուլյան
P.S. Ի դեպ, սա թերևս ամենահեղինակավոր պարբերականներից է, բայց ինչպես հաճախ «ամենահեղինակավոր» կատեգորիայի դեպքում է՝ նաև ամենակողմնակալներից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել