15 զինվորի կյանք խլած հրդեհին Սուրեն Պապիկյանը պատասխանում է հուժկու... անձնական քարոզարշավով։
Թե բա «նախարարը այցեր է սկսել զորամասեր, խոսում է սպաների և զինվորների հետ, ֆլան-ֆստան-մստան»... Բնականաբար լուսանկարները մամուլ լցնելով։
Այսինքն Պապիկյանն այս երկու շաբաթը ծախսել է ոչ թե եղած համակարգային խնդրին լուծում տալու (խայտառակ կենցաղային պայմաններ, նորմալ զորանոցների բացակայություն զորամասերում), այլ իր հանրային կերպարը փրկելու պլան մշակելով։
Բացատրեմ, թե ինչու են այդ այցերը զուտ ինքնագովազդ։
Նորմալ պետություններում կան տարբեր ինստիտուցիոնալ մեխանիզմներ զինված ուժերի խնդիրները բացահայտելու համար։
Օրինակ՝ մինչև հեղաշրջումը ՀՀ նախագահին կից (խորհրդարանական համակարգին անցնելուց հետո՝ ՀՀ վարչապետին կից) կար գլխավոր ռազմական տեսուչի գրասենյակ, որի նպատակը հենց զինված ուժերը ստուգելն էլ։
Երբ Նիկոլը զավթեց իշխանությունը, ապա որոշ ժամանակ անց ռազմական տեսուչի գրասենյակը վերանվանեցին ռազմական վերահսկողական ծառայություն ու... տարան ՊՆ-ի ենթակայության տակ, այսինքն ստուգող մարմինն այսուհետ պետք է ենթարկվեր այն կառույցի ղեկավարին, որին պիտի ստուգեր!!!
Պարզ է, չէ՞, որ ըստ էության այդ մեխանիզմի արդյունավետությունը կտրուկ ընկավ։ Դե իսկ պատերազմից հետո էլ նիկոլապետությանը բնորոշ կադրային հավալայով այն լրիվ վարի տվեցին։ Կարծեմ նույնիսկ պետ էլ չունի արդեն ինչքան ժամանակ է։
Երկրորդ մեխանիզմը, որը ներդրվել էր 2017-ին՝ «Դիտակետ» ծրագիրն էր, որի շրջանակներում մասնագետները պարտադիր ծառությունից նոր զորացրված հազարավոր (!) զինվորների հետ հարցազրույցներ էին անցկացնում՝ համակարգված ձևով բացահայտելով ամեն զորամասում եղած խնդիրները։
Գուշակում եք, չէ՞, թե ինչ եղավ այդ ծրագրի հետ, երբ Նիկոլը եկավ իշխանության։ Այո, ճիշտ եք գուշակում. այն դադարեցվեց։
Հիմա Սուրեն Պապիկյանը՝ խցիկների առջև «մեկ դերասանի թատրոն» է բեմադրում. և՛ ռազմական տեսուչի ինստիտուտն է փորձում իրենով փոխարինել, և՛ «Դիտակետ» ծրագիրը, թե բա տեսե՛ք, ժողովուրդ, ես մեն-մենակով ինչքան գործ եմ անում։
Նորմալ բանակում պաշտպանության նախարարները և այլ պատասխանատուներն, իհարկե, պետք է զորամասեր էլ գնան անսպասելի այցերով, առաջնագիծ էլ, երբեմն էլ հենց ՊՆ-ի շենքում դուրս գան միջանցքով քայլեն, տեսնեն, թե ինչ է կատարվում։ Բայց այդ այցերն իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե տակը կա ինստիտուցիոնալ աշխատանք, տվյալների հավաքում, վերլուծություն, մասնագիտական եզրակացություններ։
Իսկ այն, ինչ հիմա անում է Պապիկյանը, ընդամենը շոու է ժողովրդին խաբելու համար։
Տա Աստված սխալվեմ, ահավոր ցավալի է ինձ համար այսպիսի բան գրելը, բայց սեպտեմբերի 13–14-ի կամ այս տարվա հունվարի 19-ի աղետները դժվար թե վերջինը լինեն մեր բանակում, որովհետև այդպիսի ողբերգություններն օրինաչափ են, եթե համակարգերը քայքայված են...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid0G6jujSvehftnGffqb5LguEung43zGtYH4nJ8jktxuggj2FT7Q8HP5v8TzahcJB6Dl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել