Առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնել այն հումքից ու նյութերից, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հունվարի 16-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Ազգային ժողովից հայտնում են, որ Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանն ընդգծել է, որ առաջարկվող ապրանքները սահմանին ԱԱՀ-ից ազատելու պարագայում կավելանան նշված ապրանքների ներմուծման ծավալները:

Մեր երկրի արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: Այդ ապրանքները Հայաստանի մաքսային տարածքը հատելիս գանձվում են ավելացված արժեքի հարկով, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է բիզնես միջավայրի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականություն եւ դրա շրջանակում առաջարկում է որոշ ապրանքատեսակների, որոնք օգտագործվում են հիմնականում արտադրության մեջ` ծառայելով որպես հումք, եւ չեն արտադրվում ՀՀ-ում, այլ ներմուծվում են, ԱԱՀ-ով գանձումը հետաձգել, այսինքն` սահմանին այդ վճարները տնտեսվարողները չվճարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել