Armenpress.am-ը գրում է.

Աթենքում 82 տարեկան հասակում վախճանվել է Հունաստանի վերջին թագավորը՝ Կոնստանտինոս II-ը, որը գահակալել է 1964-1974 թթ.-ին, մինչև երկրում միապետության վերացումը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականին: Նշվում է, որ Կոնստանտինոս II-ը Աթենքի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել անցյալ շաբաթ. նա մահացել է կաթվածից:

Կոնստանտինոսը ծնվել է 1940 թվականի հունիսի 2-ին Պավել արքայազնի և Հանովերի արքայադուստր Ֆրեդերիկայի ընտանիքում. նա պատկանում էր դանիական Գլյուքսբուրգների արքայատոհմի ճյուղերից մեկին, որը Հունաստանում կառավարում Էր 1863 թվականից (1922-1935 թթ. ընդմիջմամբ, երբ երկրում հանրապետություն էր)։ Նա գահ է բարձրացել 1964 թ.-ին` 23 տարեկան հասակում: 1965-ին երկրում տեղի Է ունեցել կառավարական ճգնաժամ` «Ապոստազիա»-ն, իսկ 1967 թ.-ին ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկան «սև գնդապետները»:

Նրանց դեմ ապստամբություն կազմակերպելու փորձից հետո թագավորը հեռացավ Հունաստանից։ 1973 թվականին «սև գնդապետները» վերացրեցին միապետությունը, իսկ երբ 1 տարի անց ժողովրդավարությունը վերականգնվեց, Հունաստանում հանրաքվե անցկացվեց միապետության վերացման հարցի շուրջ, և հույների գրեթե 70 %-ը կողմ արտահայտվեց դրան՝ վերջ դնելով 1863 թ.-ին Կոնստանտինոսի մեծ պապի՝ Գեորգ I-ի կողմից հիմնադրված արքայատոհմի գահակալությանը: Կոնստանտինոս II-ը չճանաչեց հանրաքվեի արդյունքները և չհրաժարվեց գահից։ Դրանից հետո թագավորը երկար տարիներ ապրել է Լոնդոնում։

1994 թ.-ին Հունաստանի իշխանությունները նրան զրկել են երկրի քաղաքացիությունից և նրա սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից։ Միայն կյանքի վերջին տարիներին է նա կարողացել տեղափոխվել հայրենիք։ The Guardian-ը հիշեցնում է, որ 2008 թ.-ի հարցումը ցույց է տվել, որ Հունաստանի բնակիչների միայն 12%-ն է կողմ սահմանադրական միապետության վերականգնմանը: Հարցվածների ավելի քան 43%-ը մեղադրել է թագավորին «սև գնդապետների» իշխանության գալու համար։

Մինչև գահակալելը Կոնստանտինոսը Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Էր դարձել առագաստանավային սպորտում։ Կոնստանտինոսը Էդինբուրգի դուքս Ֆիլիպի զարմիկն էր՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս III-ի հեռավոր ազգականը։ Կոնստանտինոսի քույրը՝ Սոֆիան, Իսպանիայի գահից հրաժարված Խուան Կառլոսի կինն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել