Երեկ լրահոսում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «Porsche Cayenne» ավտոմեքենա, որում գտնվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին: Ըստ նույն աղբյուրի՝ վերջինս անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող անձանց նկատմամբ՝ թքելով ու հայհոյանքներ տեղալով նրանց ուղղությամբ, ինչից հետո հեռացել է:
Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է, ինչ քաղաքապետարանի դիմաց նստացույց է անցկացվում, որի մասնակիցները պահանջում են տրանսպորտի վարչության պետի և «Երևանտրանսի» տնօրենի հրաժարականը:

Երևանի քաղաքապետն արդեն իսկ առիթ էր ունեցել հայտարարելու, որ հիմքեր չի տեսնում վերոնշյալ պաշտոնյաներին պաշտոնանկ անելու համար:
Ինչպես ասում են՝ «շաբաթը ուրբաթից շուտ եկավ», և տրանսպորտի վարչության պետի տղան՝ իր պահվածքով հիմքեր ստեղծեց, որպեսզի քաղաքապետը պաշտոնանկ անի Հենրիկ Նավասարդյանին:

Ցանկացած քաղաքակիրթ երկրում նման միջադեպերից հետո պաշտոնյաները, առանց սպասելու հասարակական ճնշմանը, հրաժարական կտային: Նույնիսկ դեպքեր են հայտնի, երբ քաղաքական գործիչները ոչ միայն հրաժարական են տվել զբաղեցրած պաշտոնից, այլև առհասարակ հեռացել քաղաքականությունից:
Իհարկե, դժվար է հայաստանյան իրականությունը համեմատել արևմտյան ժողովրդավարության ու այնտեղ ձևավորված ավանդույթների հետ, սակայն ժողովրդավարական ընթացք վերցրած պետության համար այսպիսի միջադեպերն անթույլատրելի են և ենթադրում են համապատասխան քայլերի իրականացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել