Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամը և Սաուդյան ներդրումային հիմնադրամը կարող են միջոցներ հատկացնել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացին։ Այս մասին, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստում հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
Նրա խոսքով՝ կարելի է դիտարկել նաև Սաուդյան Արաբիայից մասնավոր ընկերությունների մասնակցությունը վերականգնման գործընթացին։
Շարիֆովը տեղեկացրել է, որ մինչ այժմ տարածքների վերականգնման համար Ադրբեջանը ծախսել է 4 մլրդ դոլար։
2022 թվականի նոյեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի ազատագրված տարածքներ» վերադարձի մեծ պետական ծրագիրը։ Նախատեսվում է, որ մինչև 2027 թվականն օկուպացված տարածքներում կվերաբնակեցվի 34,5 հազար ընտանիք, որոնց համար կկառուցվեն բնակարաններ և անհատական տներ։