Նիկոլ-Ալիև համաձայնեցված խա՞ղ

Թուրք Քըլըչի հովանավորյալ ու սիրելի Ռուբինյան Ռուբոն մի գրառում է արել՝ Հայաստանի «ձեռքերը լվանալով» Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից ու ռուսներին հիշեցնելով, թե ինչ է նախատեսված նոյեմբերի 9-ի փաստաթղթում: Միաժամանակ Ռուբոն ռուսական կողմից պահանջել է ցանկացած կերպ վերահսկողությունը վերականգնել միջանցքի նկատմամբ:

Ադրբեջանից արդեն հնչում են բավական ռազմատենչ հայտարարություններ ու սպառնալիքներ: Օրինակ՝ ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնացել է օդից հրթիռառմբային հարվածով քանդել անգլիացիներին վաճառված հանքն այն դեպքում, եթե ադրբեջանցի «բնապահպանների» պահանջները մնան չիրագործված: «Ոսկու խտանյութով մեքենաները կարող են կանգնեցվել մայրուղու վրա և ձերբակալվել: Ավելորդ է հիշեցնել, որ ղարաբաղցի հայերը էլեկտրաէներգիան և գազը Հայաստանից ստանում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող մալուխներով և խողովակաշարով»,-մասնավորապես՝ ոչ երկիմաստ ակնարկներ է արել Մուսաբեկովը:

Մեծ պատերազմից ակնհայտորեն 5 րոպե պակաս վիճակ է, և պետք է կարճատես մեկը լինել՝ չհասկանալու, որ որպես բնապահպան ներկայացող ադրբեջանական ուժայիններն ու նրանց գործակալները, փակելով ճանապարհը, հենց այդ պատերազմն էլ սադրում են, որի հետևանքները չափազանց բարդ է լինելու կանխատեսել՝ նկատի ունենալով թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրողությունները:

Ահա այս իրավիճակում է, որ Թուրքիայի հետ երկխոսելու լոմկա ունեցող Ռուբիկը, փաստորեն, խաղաղապահներին ցուցանել է իրենց բուն պարտականությունները՝ հասկացնելով, որ խնդիրը ոչ թե Հայաստանինն է, այլ՝ Մոսկվայինը: Այսինքն՝ Ռուբոն ասում է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ, Հայաստանը ոչ միայն ոչինչ չի անելու, այլև անելու է լրջագույն հետևություններ խաղաղապահների առաքելության նպատակահարմարության վերաբերյալ՝ հարցականի տակ դնելով դրանց գոյության իմաստը:

Շատ հավանական է, որ ներկա իրավիճակը հետևանք է Նիկոլ-Իլհամ ստվերային համաձայնության՝ ռուսներին տուպիկի առաջ կանգնեցնելու: Ընդ ոում՝ մեծագույն ռիսկի է այս իրավիճակում գնում հենց Հայաստանը, քանի որ բացառված չէ, որ վերջին պահին ռուսները հանգեն ադրբեջանցիների հետ համաձայնության, բայց այս անգամ ոչ թե ի շահ, այլ ի վնաս հայկակակ շահերի: Այսինքն՝ Հայաստանի պասիվությունը կարող է պարարտ հող ստեղծել Մոսկվա-Բաքու սեպարատ համաձայնության համար, որի հետևանքները ոչ միշտ է, որ մեզ համար հաճելի են լինում:

Կա, իհարկե, մեկ այլ տարբերակ էլ, բայց ոչ այնքան հավանական. Արցախի իշխանությունները, կանգնած լինելով էքզիստենցիալ վտանգի առաջ, կարող են խնդրագիր ուղարկել Մոսկվա՝ Հյուսիսի կողմից ճանաչվելու: Բայց խնդիրն այն է, որ այս իրավիճակում Հյուսիսի համար դեռևս խիստ ռիսկային է լինելու Արցախն ասենք Աբխազիայի ճակատագրին արժանանցելուն միտված քայլ իրականացնելը՝ նկատի ունենալով հատկապես Թուրքիայի հակազդեցության ֆակտորը:

Ո՞րն է ելքը, պարզ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել