Ես սկսել եմ հասկանալ Սերժ Սարգսյանի վիճակը: Այսօր մեքենաս հետ քշելով` ուզում էի դուրս գալ կանգառից, երբ հայտնվեց պարկովշչիկը: Կանգնեց մեքենայի ետնամասում եւ սկսեց կանչել` արի, արի, աարի, աարի:
Ամեն ինչ գրեթե կարելի է նորմալ համարել, եթե անտեսենք այն փաստը, որ հետընթացի անվտանգության համար իմ մեքենան գործարանի կողմից ի սկզբանե ապահովված է ազդանշանային սարքով: ՊԱՐԿՏՐՈՆԻԿՈՎ: Այդ համակարգը, տեսնելով մեքենայի ետեւում կանգնած «պարկովշչիկին» որպես խոչընդոտ, ինչպես նաեւ երեւի մրցակից, մի անասելի աղմուկ բարձրացրեց մեքենայի սրահում: Բնականաբար, այդ համակարգն ավելացնում է մեքենայի գինը եւ հետագայում անվճար աշխատում է, բայց, միեւնույն ժամանակ, ո՞նց «պարկովշչիկին» նեղացնես ու այդ 100 դրամը չտաս: Պարզ է, որ «պարկովշչիկը» եւ պարկտրոնիկ համակարգը Հայաստանում, մեղմ ասած, անհամատեղելի են: Նման մի բան տեղի է ունենում ԵվրԱզԷՍ եւ Եվրամիություն հարցի ընտրության ժամանակ: Դե հա, բնականաբար, ցանկությունը մեծ է Եվրոպա գնալու. տարբեր համակարգեր ներդնելը եւ անվճար օգտագործելն ուղղակի անհրաժեշտ են սնանկ Հայաստանին, բայց, ախր, չինովնիկները մեծ մասամբ «պարկովշչիկ» են եւ այս կամ այն ձեւով գալու են կանգնեն այդ համակարգերի առաջ եւ փորձեն իրենց 100 դրամը տանել: Բայց արդեն գումարները վերցրել ենք, խոստումները տվել ենք, եւ Սերժ Սարգսյանի` Լեհաստանում արված այն ակնարկին, թե «Հայաստանը կհամագործակցի ե՛ւ ԵվրԱզԷՍ-ի, ե՛ւ Եվրամիության հետ», հետեւեց հյուրընկալող ԵՄ անդամ երկրի նախագահի միանշանակ մեկնաբանությունն առ այն, որ որոշումը պետք է լինի կամ այս, կամ այն կողմ, եւ համատեղելն ընդունելի չէ:
Մյուս կողմից, Ռուսաստանը մի ձեռքով Ադրբեջանին զենք է վաճառում, մյուսով մեր երկրի համար «փարքինգի» գինը բարձրացնում: Ու իրեն մեծ հաշվով մեկ է, թե դու որտեղ ինչ ես պայմանավորվել, մեքենադ պարկտրոնիկ համակարգ ունի, թե` ոչ, ինքն արդեն վաղուց համարում է, որ դու իր ավտոկայանատեղիում ես կանգնել, ինքը քեզ ճանաչել է որպես այդ երկրի վարորդ, եւ պետք է վճարես դրա համար, մտնես ԵվրԱզԷՍ ու կանգնես Ղազախստանի եւ Բելառուսի կողքին` նոր սովետի «փարքինգում»:
Մնում է այս իրավիճակում ընտրություն կատարես` մնում ես «պարկովշչիկների՞» երկիր, թե՞ բարձր տեխնոլոգիաների:
Ալեն Սիմոնյան հատուկ Արարատ ամսագրի համար: