Մի քանի ժամից ԱՄՆ կառավարությունն, ըստ ամենայնի, կհայտարարի նոր աշխարհակարգի ստեղծման մասին: Էս պահին լուրը տարածել են մի շարք արևմտյան լրատվականներ, հղում անելով իրենց աղբյուրների վրա, սակայն ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը արդեն հաստատել է, որ այսօր հայտարարելու է «առանցքային գիտական առաջընթացի» մասին: Մասնագետների հավաստմամբ ԱՄՆ կառավարությունը հայտնելու է այն մասին, որ պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է ջերմամիջուկային ռեակցիայի արդյունքում ստանալ 120% ՕԳԳ: Այսինքն ռեակցիայից ստացված էներգիան 20%-ով ավելի շատ էր, քան դրա վրա ծախսված էներգիան:
Սա զուտ գիտական աշխարհով սահմանափակող երևույթ չէ: Սա աշխարհի հիմքերը քանդող ու նորը կառուցող պատմական իրադարձություն է: Վերջին 70 տարվա աշխարհի կարգը հետևյալն էր՝ կա երեք տեսակի երկիր, առաջին տեսակը սպառող երկրներն են, երկրորդ տեսակը արտադրող երկրներն են, իսկ երրորդը այդ արտադրությանը ռեսուրս տվող երկրներն են: Անշուշտ երեք խմբերն էլ մասամբ բոլոր այս գործառույթները իրենց մեջ ունեին, սակայն գլոբալ առումով դասակարգումը սա էր:
Անշուշտ արտադրություն ունեին և ունեն Եվրոպան ու Ամերիկան և անշուշտ նրանք շահագործում են իրենց տեղական հումքային բազան, սակայն գլոբալ առումով նրանք են սպառում այն, ինչ սարքում է պայմանական Չինաստանը, որն իր հերթին շահագործում է պայմանական Սուդանի ռեսուրսները: Այդ ռեսուրսների մեջ ամենակարևորը էներգակիրներն էին: Հետևաբար նա, ով վերահսկում էր էներգակիրների արդյունահանումը, անուղղակիորեն վերահսկում էր նաև արտադրական ու սպառման պրոցեսները, այսինքն` վերահսկում էր աշխարհը: Ընդ որում, բուն արդյունահանումից ստացված եկամուտը երկրորդական էր, գերկարևորը պրոցեսի հսկումն էր:
Ամերիկան աշխարհը վերահսկում էր, քանի որ նավթի հիմնական արդյունահանողները այսպես, թե այնպես իրենցից էին կախված: Այս կարգը մեկ օրում չէր կառուցվել. դրա համար երկու համաշխարհային պատերազմ ու հարյուր միլիոնավոր զոհեր պահանջվեցին, սակայն կարգը հաստատվեց: Լատինական Ամերիկայում կարգը հաստատելուն պարբերաբար ծառայում էին զինվորական խունտաները, ազգայնական ահաբեկիչները և նարկո կարտելները, իսկ երբ որևէ մեկը վերահսկողությունից դուրս էր գալիս, տեղի էր ունենում այն, ինչ տեղի ունեցավ Արգենտինայի հետ Ֆոլկլենդյան պատերազմում:
Նույն նպատակներին էր ծառայում Իսրայել պետության ստեղծումը մերձավոր արևելքում, Թայվանն ու Կորեան` Արևելյան Ասիայում, Աֆղանստանը` Կենտրոնական Ասիայում, Պակիստան էլ հարավում: Այս մասին էր նաև Արցախը Կովկասում, չլիներ կասպիական նավթի ու գազի տարանցման խնդիրը, չէր լինելու Արցախյան հակամարտություն: Էս ամենինչը ռեսուրսների արդյունահանման, դրանց շահագործման ու տրանսպորտի պրոցեսները վերահսկելու մասին էր:
Այո ջերմամիջուկային ռեակցիան որպես էներգիայի աղբյուր ունի բազմաթիվ առավելություններ: Այն 4 միլիոն անգամ ավելի արդյունավետ է, քան գազ, նավթ կամ ածուխ վառելը: Դրա մեջ կիրառվող նյութերը գրեթե անսպառ են մեր մոլորակի վրա: Այն չի արտանետում ածխաթթու գազ: Չկա ռադիացիոն աղբի խնդիր: Օգտագործվող նյութերը չեն կարող ծառայել զենք ստեղծելուն: Միջուկային վթարների ռիսկ չկա: Այն մի քանի անգամ էժանացնելու է էլեկտրաէներգիայի գինը: Բայց ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ այն է, որ այն կարող է արտադրվել ամենուրեք:
Այսինքն, օրինակ, Ադրբեջանը որպես էներգակիրների աղբյուր կորցնելու է իր իմաստը: Թուրքիան կորցնելու արդիականությունը որպես էներգակիրների տարանցման խաչմերուկ: Իսրայելը կորցնելու է իր արդիականությունը որպես աղբյուրների ու տարանցման ուղիների «նայող»: Ռուսաստանն իր ներկայիս ձևով է կորցնելու արդիականությունը: Արաբական նավթա-պետությունները կկորցնեն իրենց գոյաբանական իմաստը:
Աշխարհն այսուհետ երկու խմբի է բաժանվելու՝ սպառողների ու արտադրողները: Հավասարությունից դուրս են մնալու հումքային մատակարարները: Սա իր հերթին թույլ կտա սպառողներին չվախենալ արտադրողի ու մատակարարի հնարավոր դաշինքից: Տրամաբանությունը հուշում է, որ Չինաստանի` Ռուսաստանի, Իրանի ու Արաբների հետ նմանատիպ դաշինքներ կազմելու փորձերը պատճառ հանդիսացան, որ ԱՄՆ-ն այս ձիով քայլը անի:
200 տարի առաջ տեխնոլոգիական պրոգրեսը ակներև դարձրեց, որ անգլոսաքսերին պետք է նավթը, հետևաբար Բրիտանիայի վարչապետ դարձավ առաջին ոչ քրիստոնյա անձը՝ Բենջամին Դ՝Իսրայելին, ու ստեղծվեց Իսրայել պրոյեկտը: Հիմա նավթն էլ պետք չի լինի, պետք են արտադրական հզորություններ հետևաբար Բրիտանիայի վարչապետ է դառնում հնդիկ Ռիշի Սունակը ու առաջ է գալիս Հնդկաստան պրոյեկտը, որի ժողովրդագրական տվյալներն էականորեն գերազանցում են չինականին...
ԱՄՆ-ն գործելու է ավելի գլոբալ. նրա հիմնական դաշնակիցները լինելու են Իրանն ու Չինաստանը, կամ ավելի շուտ` այնտեղի պրոգրեսիվ էլիտաները, որոնք հենց այս օրերին ամրապնդում են իրենց երկարաժամկետ իշխանությունը:
Հ.Գ. Իմիջայլոց, ջերմամիջուկային ռեակցիայի համար անհրաժեշտ միակ էլեմենտը, որ քիչ թե շատ հազվագյուտ է, վոլֆրամն է, որի լուրջ պաշարները կան աշխարհի մոտ մեկ տասնյակ երկրներում այդ թվում նաև Հայաստանում, մասնավորապես` Սունիքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/pfbid0CzdBLVWYZxc4YWjnAoU3KjyvPmNj75efAMGSwzpzi1vKFU8qmex4FXRJAPMNKrRwl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել