Mediahub.am-ը գրում է․
Վնգստում էին, թե ճանապարհը փակելու են, Լաչինի միջանցքը փակելու են։ Դրանց մռութը պիտի մի անգամ ջարդվի, որ խելքի գան․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ մեկնաբանելով քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիների կողմից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում իբրեւ բնապահպանական պատճառաբանությամբ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը։
Սարգսյանը նշեց, որ այս պահին մեքենաների շարժ է նկատում՝ եկող էլ, գնացող էլ։ Շուշիի քաղաքապետն ասում է՝ ըստ երեւույթին, ռուս խաղաղապահները փորձում են բանակցություններով իրավիճակը շտկել։
Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին օրերին ադրբեջանցիները Շուշիի դիրքերի վրա էլ են կրակում։
«Վերջին օրերին լարված է հատկապես Թաղավարդի եւ Կարմիր շուկայի ուղղությամբ։ Ադրբեջանցիները հող են նախապատրաստում պատերազմի եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի հետ»,-ասաց նա։
Սարգսյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ տեսակետ ունի Հայաստանի իշխանությունների քաղաքականության՝ Արցախի կարգավիճակի հարցը հետագա սերունդներին թողնելու մտադրությանն ու ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ Արցախի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին բնութագրումների մասով։
«Նզովյալ լինեն Հայաստանի իշխանությունները, որ հայտարարում են, թե Արցախի կարգավիճակի հարցը թողնելու են սերունդներին։ Նրանք դա անում են՝ իրենց գլուխը պահելու համար։ Լավրովին, որ լսենք, Լեռնային Ղարաբաղը հանձնված ա։ Սրանք, եթե կարծում են, որ Արցախը հանձնեն, Հայաստանը կփրկվի, սխալվում են։ Թո՛ղ նայեն, թե 1990-ականներին Ադրբեջանի հետ շփման գիծը որտեղ է եղել, կռիվը որտեղ է գնացել, հիմա՝ որտեղ»,-պատասխանեց նա՝ ընդգծելով՝ հիմա թշնամին կռիվ է տալիս Ջերմուկում։
«Չգիտեմ՝ ինչ բառ ասեմ դրանց, երեկ լսում էի Ազգային ժողովի նիստը, թե ոնց են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեւակերպումը փոխել, Արցախ բառը հանել։ Վաղը պատմության առաջ պատասխան են տալու։ Եկող սերունդը դրանց դատելու է, որպես դավաճանների»,-հավելեց նա։
Նշենք, որ քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,-ասված էր շտաբի տարածած հաղորդագրության մեջ: