847Mitk.am-ը գրում է.

Ռուսաստանը հերքել է ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Սիրիայում քիմիական զենք է կիրառվել՝ այդ մեղադրանքներն «անմիտ» որակելով, և նախազգուշացրել է, որ ռազմական ներխուժումն առանց ՄԱԿ-ի թույլտվության միջազգային իրավունքի կոպիտ խախտում կլինի։ Սակայն ի՞նչ կարող է անել Ռուսաստանը՝ ի պատասխան Սիրիայի դեմ  ԱՄՆ-ի կողմից իրականացվելիք ռազմական գործողության։

Անցյալ շաբաթ այդ հարցը տվեցին բազմաթիվ լրագրողներ և փորձագետներ՝ հաշվի առնելով Ռուսաստանի սերտ կապերը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը որևէ վճռական քայլ չի ձեռնարկի ԱՄՆ-ի դեմ. հավանական է, որ նա հրապարակայնորեն կդժգոհի ԱՄՆ-ից և կշարունակի անել Սիրիայում այն, ինչ արել է մինչ այս պահը։ «Ռուսաստանը խիստ սահմանափակ տարբերակներ ունի ԱՄՆ-ին «պատժելու» համար»,-ասել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փայֆերը։ Ռուսաստանը վճռականորեն դեմ է արևմտյան ներխուժմանը Սիրիա։ Մոսկվան հանդիսանում է Սիրիայի վերջին լուրջ դաշնակիցը, զենքի մատակարարը և ֆինանսական հովանավորը։ Այդ դաշինքը Ռուսաստանին օգնում է պահպանել տարածաշրջանում ազդեցության մնացորդները։ Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը կշարունակի խանգարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ասադին ճնշելու կամ նույնիսկ դատապարտելու հարցում։

Հարձակվել.

Օգոստոսի 26-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հստակ հասկացնել տվեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Սիրիայի պատճառով։ Այդ դեպքում ինչպե՞ս է բացատրվում, որ ռուսական նավերն ուղևորվում են Միջերկրական ծով։ Դրանք արդեն երկու տարի է գալիս և գնում են՝ համաձայն ժամանակացույցի։ Դրանք կարող են ազդակներ ուղարկել, սակայն վերջնական արդյունքում դրանք, հավանաբար, պետք են միայն ռուսաստանցիներին տարհանելու համար, եթե իրավիճակն ավելի վատանա։

Բացահայտորեն պաշտպանել Ասադին.

Ռուսները երկար ժամանակ աջակցել են Ասադի կառավարությանը, սակայն դա արել են լուռ և ոչ բավարար չափով, որպեսզի կշեռքի նժարը ռեժիմի օգտին փոխեն։ Հակամարտության ողջ ընթացքում Ռուսաստանը շարունակել է իրականացնել զինամթերք տրամադրելու վերաբերյալ առկա պայմանագրերը, սակայն վերջերս դադարեցրեց Սիրիային С-300 զենիթահրթիռային համակարգերի տրամադրումը՝ «ուժային հավասարակշռությունը չխախտելու համար»՝ չնայած Սիրիան արդեն վճարել էր դրանց դիմաց։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը չափավոր քննադատություն կանի և, հնարավոր է, որևէ խորհրդանշական քայլ դեպի Ասադի կողմը, սակայն անգամ այդ դեպքում Մոսկվան պետք է զգուշավոր լինի, որպեսզի ավելի չհեռանա արաբական աշխարհից»,-հավելել է Փայֆերը։

Խզել կապերն ԱՄՆ-ի հետ.

Այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բավական լարված են, ինչը կապված է հակաօդային պաշտպանության ոլորտում առկա տարաձայնություններով,  ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ Ռուսաստանի որոշմամբ, ինչպես նաև Օբամայի որոշմամբ՝ չեղյալ համարել հանդիպումը Պուտինի հետ։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ այս պահին երկրների միջև ոչինչ տեղի չի ունենում։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են բանակցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին հակաօդային պաշտպանությունն է, սպառազինությունների վերահսկողությունը։ Ի վերջո, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կորոշեն որևէ խորհրդանշական քայլ անել, որպեսզի դարձյալ մերձենան, և հնարավոր է՝ դա տեղի ունենա G20 գագաթնաժողովի ընթացքում, որը պետք է կայանա առաջիկա օրերին՝ Սանկտ Պետերբուրգում։ «Ես կարծում եմ, որ Պուտինն ու Օբաման կպայմանավորվեն հանդիպել «Ժնև 2» համաժողովի ընթացքում, ինչը թույլ կտա պահպանել դեմքը»,-բացատրում է Ուիլսոնի կենտրոնի Քեննանի ինստիտուտի տնօրեն Մեթ Ռոժանսկին։

Ամրապնդել համագործակցությունն Իրանի հետ և բոյկոտել ԱՄՆ-ի գործողություններն այնպիսի երկրներում, ինչպիսին Աֆղանստանն է.

Աշխարհաքաղաքական առումով՝ այդպիսի գործողությունները հակասում են Ռուսաստանի շահերին, և հենց դրա համար էլ, ամենայն հավանականությամբ, դա հարմար չի լինի։ Ռուսաստանն անհանգստացած է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմամբ, դրա համար էլ նա բոլոր հիմքերն ունի այդ հարցում ԱՄՆ-ին օգնելու համար։ Ռուսաստանը նաև որևէ պատճառ չունի Իրանին օգնելու համար։ Անցյալ շաբաթ սիրիական հարցում տարաձայնությունների ֆոնին հայտարարվել է, որ նորագույն С-300-ները, որոնք Ռուսաստանը ծախել, սակայն չի հանձնել Իրանին, արդեն ապամոնտաժվել են։

Հնարավոր է՝ Պուտինին ավելի շատ երկրի ներսում իր իմիջն է հետաքրքրում. նա չի ցանկանում թույլ և անկարող երևալ ամերիկացիներին դիմակայելու հարցում։ Դա տեղի է ունենում հենց այն պահին, երբ Ռուսաստանում ընթանում են G20 գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Չնայած, վերջնական արդյունքում, նա կարող է և հաղթող դուրս գալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել