Եվ այսպես, Ռուսաստանը հերքեց ԱՄՆ-ի այն մեղադրանքները, համաձայն որոնց` սիրիական իշխանությունները քիմիական զենք են օգտագործել՝ որակելով դրանք «ամբողջովին անիմաստ»: Ռուսաստանը զգուշացրել է, որ ռազմական ներխուժումն, առանց ՄԱԿ-ի թույլատվության, կլինի միջազգային իրավունքի խախտում, սակայն ի՞նչ կարող է անել Ռուսաստանը, եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, հարված հասցրեց Սիրիային:

Անցած շաբաթ բազմաթիվ փորձագետներ և լրագրողներ էին այս հարցով մտազբաղ՝ հաշվի առնելով Ռուսաստանի սերտ հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Փորձագետների կարծիքով Ռուսաստանը չի ձեռնարկի ոչ մի վճռական քայլ՝ ընդդեմ ԱՄՆ-ի: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կսահմանափակվի հրապարակավ բողոքելով ԱՄՆ քայլերի դեմ ու կշարունակի Սիրիայում անել այն, ինչ մինչև հիմա էր անում:

«Ռուսաստանն ունի ԱՄՆ-ին «պատժելու» սահմանափակ թվով միջոցներ», - նշել է Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթիվեն Փայֆերը, ով այժմ հանդիսանում է Բրուկլինի ինստիտուտի աշխատակից:

Ռուսաստանը վճռականորեն դեմ է Սիրիայի արևմտյան հարվածներին: Մոսկվան հանդիսանում է Սիրիայի վերջին լուրջ դաշնակիցը, ինչպես նաև Սիրիայի հիմնական զենքի մատակարարն ու ֆինանսական աջակիցը: Շնորհիվ այս դաշինքի` Ռուսաստանին հաջողվում է պահպանել իր երբեմնի ազդեցության բեկորները տարածաշրջանում, ինչպես նաև ընձեռում է փոքրիկ պլացդարմ՝ դեպի միջերկրական ծով: Բացի դրանից` Խորհրդային Միության փլուզումից հետո Կրեմլը վճռականորեն դեմ էր արտահայտվում տարբեր երկրների ներքին խնդիրների արտաքին միջամտության դեմ:

Փորձագետների կարծիքով, Ռուսաստանը ձեռք չի քաշի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուժ կիրառելու, Ասադին ճնշելու և անգամ դատապարտելու որոշումներ ընդունելուն խանգարելուց: Ռուսաստանը կշարունակի բարձրաձայն նախազգուշացնել ամերիկյան ներխուժման վտանգների ու հեռանկարների մասին:

Սակայն ի վերջո, Ռուսաստանը կհասկանա, որ նա ի զորու չէ կանխել գալիք ռազմական գործողությունները և ըստ երևույթին, ոչ մի հայտարարություն չի անի այս առնչությամբ` զուտ այն բանից ելնելով, որ Ռուսաստանը շահագրգռված չի ներգրավվելու այս կոնֆլիկտի մեջ՝ այդ կերպ հայտնվելով էլ ավելի մեծ մեկուսացման մեջ և զրկվելով իր համար ձեռնտու համագործակցության կետերից ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:

Փայֆերի խոսքերով` Պոււտինը բավական խելացի է, որպեսզի թաքցնի իր դժգոհությունը, որովհետև հակառակ դեպքում, չափից ավել աղաղակելը կբերի նրան, որ միայն կընգծվի Ռուսաստանի անընդունակությունը՝ կանխելու ներխուժումը:

Ամենայն հավանականությամբ, Կրեմլը կշարունակի զենք մատակարարել Ասադի ռեժիմին և ֆինանսական օգնություն ցուցաբերել Սիրիայի իշխանություններին, քանզի, ինչպես այս շաբաթ հայտնեց «Reuters» գործակալությունը, վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի ու Սիրիայի հարաբերությունները զգալիորեն ամրացել են:

Ստորև թվարկված են այն քայլերը, որոնք, ըստ երևույթին, Ռուսաստանը չի ձեռնարկի՝ վերահաս էսկալացման դեպքում:

Գրոհել

Երկուշաբթի օրը՝ օգոտոսի 26-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հստակորեն հասկացրեց, որ Ռուսաստանը «չի պատրաստվում որևէ մեկի հետ պատերազմել» հանուն Սիրիայի: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ ռուսական ռազմանավերը Սիրիայի ափերի մոտ են ուղարկվել:  Բանն այն է, որ դրանք արդեն երկու տարի է, ինչ գալիս ու գնում են՝ համաձայն իրենց ժամանակացույցի: Դրանք իհարկե կարող են ազդանշաններ ուղարկել, բայց հավանաբար պետք կգան զուտ նրա համար, որպեսզի էվակուացնեն Ռուսաստանի քաղաքացիներին՝ իրավիճակի վատթարացման դեպքում: 

Բացահայտ պաշտպանել Ասադին

Ռուսաստանը երկար ժամանակ է սատարել Ասադի կառավարությանը, բայց դա արել է բավականին լուռ ու ոչ բավարար աստիճանի, որպեսզի կշեռքի նժարը թեքվեր իշխանությունների կողմը: Կոնֆլիկտի ողջ ընթացքում Ռուսաստանը շարունակում էր «իրականացնել արդեն գործող պայմանագրերով» իր վրա ստանձնած պարտականությունները՝ Սիրիային մատակարարելով հիմնական պաշտպանողական նշանակության զինատեսակներ, ինչպիսիք օդային և առափնյա գոտու պաշտպանության միջոցներն են, սակայն Ռուսաստանը դադարեց Սիրիային մատակարարել Ս-300 ԶՀՀ-ները, որոնց համար Սիրիան արդեն վճարել էր: Հունիսին Պուտինը հայտարարեց. «Մենք չենք պատրաստվում Սիրիային Ս-300-ներ տալ, որովհետև չենք ցանկանում խախտել տարածաշրջանում տիրող ուժային հավասարակշռությունը»:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը հանդես կգա չափավոր քննադատությամբ և հավանաբար կանի ինչ-որ սիմվոլիկ ժեստ՝ ուղղված Ասադին, բայց անգամ նման դեպքում Մոսկվան պետք է զգույշ գործի, որպեսզի էլ ավելի չբաժանվի արաբական աշխարհից», - ավելացրել է Փայֆերը:

Խզել կապերը ԱՄՆ-ի հետ

Այժմ հարաբերությունները Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև բավականին լարված են, ինչը կապված է հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի շուրջ տարաձայնություններով, Էդուարդ Սնոուդենին քաղապաստան տալու Ռուսաստանի որոշմամբ, Պուտինի հետ չհանդիպելու Օբամայի որոշմամբ: Սակայն սա դեռ չի նշանակում, որ ներկայումս երկու երկրների հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հակահրթիռային պաշտպանությունը, սպառազինությունների վերահսկողությունը, և սա չնայած նրան, որ բեկումնային ոչինչ չկա այս ոլորտներում: Շատ դիտորդներ համարում են, որ իրենց հարաբերություններում Ռուսաստանը շատ հմտորեն է հարցերն իրարից տարանջատում. երբ հարաբերությունները սրվում են ինչ-որ մի ոլորտում, ապա ռուս քաղաքական գործիչները թույլ չեն տալիս, որ այդ լարվածությունը չեղարկի մնացած այլ ոլորտներում գրանցվող ձեռքբերումները: Երբ Ռուսաստանին ինչ-որ մի բան շահեկան է, այն հետևողական է իր նպատակներում՝ անկախ նրանից, թե ինչ մթնոլորտ է ԱՄՆ-ի հետ համագործակցության այլ ոլորտներում, իսկ եթե ինչ-որ հարցում Ռուսաստանը շահ չի տեսնում, ապա ժամանակ էլ չի ծախսում այդ հարցի վրա:

Վերջիվերջո, ԱՄՆ-ը և Ռուսաստանը ամենայն հավանականությամբ կորոշեն ինչ-որ սիմվոլիկ ժեստ անել, որը նորից կմերձեցնի այս երկու երկրները, և հնարավոր է, որ դա լինի G20 գագաթնաժողովի ժամանակ, որը պետք է տեղի ունենա Սանկտ-Պետերբուրգում: Օգոստոսի 31-ին Պուտինն առաջարկեց տարբեր տերությունների առաջնորդներին քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը G20-ի գագաթնաժողովին:

«Կարծում եմ, որ Պուտինն ու Օբաման կպայմանավորվեն հանդիպել «Ժնև-2» համաժողովի համատեքստում, ինչը թույլ կտա նրանց պահպանել դեմքերը», - բացատրել է Մետ Ռոժանսկին՝ Կեննանի ինստիտուտի տնօրենը:

Ամրացնել հարաբերությունները Իրանի հետ և խոչընդոտել Ամերիկայի գործողություններին Աֆղանստանի պես պետություններում

Աշխարհաքաղաքական առումով, նման գործողությունները հակասում են Ռուսաստանի շահերին, և հենց դրա համար էլ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ չի գնա նման քայլի: Ռուսաստանն անհանգստանում է Աֆղանստանից ՆԱՏՈ-ի զորքերի դուրս բերման առնչությամբ, ուստի կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել ԱՄՆ-ին այս հարցում: Ռուսաստանը չունի ոչ մի պատճառ՝ Իրանին օգնելու: Այս շաբաթ, սիրիական հարցի շուրջ տարաձայնությունների ֆոնին, հայտարարվեց այն բանի մասին, որ նորագույն Ս-300 համակարգը, որը դեռ մի քանի տարի առաջ Ռուսաստանը վաճառել էր Իրանին, այդպես էլ չի մատակարարվել, իսկ այժմ այն արդեն քանդվել է և վերստին հավաքվել՝ արդեն ռուսական բանակի համար:

Հավանաբար Պուտինին ավելի շատ անհանգստացնում է երկրի ներսում իր իմիջի հարցը. նա չի ուզում թվալ թույլ և ամերիկացիներին դիմակայել չկարողացող: Այս ամենը տեղի է ունենում հենց այն միջոցին, երբ Ռուսաստանն ավարտում է G20 գագաթնաժողովի նախապատրաստությունը: Ամեն դեպքում, Պուտինը կարող է հայտնվել շահեկան դիրքերում:

«Երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ը ամենայն հավանականությամբ զերծ կմնա ցամաքային օպերացիայից, իսկ ռմբակոծությունները մեծ հաշվով ոչինչ չեն փոխի, այնպես որ, Պուտինի վարկանիշը կբարձրանա, քանի որ նա ժամանակին դեմ հանդես եկավ Սիրիային հարվածելու պլաններին», - ավելացրել է Ռոժանսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել