Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում հանդիպել է Լանդթագի նախագահ, դոկտոր Գուննար Շելլենբերգերին:

Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` վստահեցնելով, որ այն հետագա համագործակցության շարունակականության ապահովման կրողը կդառնա:

Անչափ տպավորված լինելով Հայաստան կատարած իր այցից` Լանդթագի նախագահը փաստել է, որ արդեն ուրվագծված են Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղղություններն ու արդյունավետ փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպմանն ընդգծվել են հատկապես մշակույթի եւ գյուղատնտեսության ոլորտների շուրջ փոխգործակցության իրատեսական հնարավորությունները: Կողմերը հույս են հայտնել, որ խորհրդարանականները կկամրջեն այդ ոլորտների հետագա փոխշփումները:

Բանախոսները խորհրդարանների միջեւ կառուցողական եւ բարեկամական հարաբերություններ ձեւավորելու պատրաստակամություն են հայտնել, որին հետագայում կնպաստեն շարունակական բնույթ կրող մասնագիտական բովանդակային հանդիպումները:

Կողմերը վստահեցրել են, որ մոտ ապագայում կձեւավորվեն համագործակցության խորացմանը միտված մասնագիտական հանձնախմբեր:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ պատգամավորներ Միքայել Թումասյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Շիրակ Թորոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը եւ ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեպան Վիկտոր Ենգիբարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել