Նիկոլի միակը

Իլհամի թասիբն ի լուր աշխարհի պաշտպանելուն զուգահեռ Նիկոլն իր ասուլիսում կանգնել է նաև ՔՊ-ական Հովակիմյան Վահագի թասիբին՝ նրան իր անփոխարինելին հռչակելով: Նիկոլը սեփական թիմից թերուս Վահագին ԿԸՀ «տիրակալ» կարգելու վերաբերյալ որոշումը հիմնավորել է նրանով, որ, իր խոսքերով, Վահագն իր ողջ գործունեության ընթացքում պայքարել է ընտրությունների արդարության համար, և նա մի քաղաքական թիմի ներկայացուցիչ է, ում կառավարման օրոք Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները միջազգային հանրության կողմից որակվել են որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային: Նիկոլը միաժամանակ հռետորական հարց է բարձրացրել՝ ո՞ւմ ընտրեինք՝ պնդելով, որ Վահագին ընտրելու հիմք է դարձել վերջինիս՝ 1996-ից ի վեր մղած պայքարը՝ հանուն արդար ընտությունների:

Սա այն բացառիկ դեպքն է, երբ իշխող ուժի պատգամավորն արհեստականորեն վերածվել է ԿԸՀ նախագահի, և այս հանգամանքը, փաստորեն, Նիկոլը ոչ միայն հակաժողովրդավարական դրսևորում չի համարում, այլև պարծենում է սեփական ՔՊ-ով ու հայտարարում, որ աշխարհում իրենք միակ ուժն են, որ ընդունակ են՝ արդար ընտրություններ անցկացնելու:

Նիկոլի փաստարկները բացարձակ չեն դիմանում որևիցե քննադատության, քանի որ Վահագի մութ անցյալը, որով պարծեցել է Նիկոլը, բնավ չի երաշխավորում, որ այս դեպքում նույնպես ՔՊ-ականը կգտնվի նույնքան սկզբունքային, որքան՝ նախկին իշխանությունների լեգիտիմության հարցը կասկածի տակ առնելու դեպքում: Վահագին ԿԸՀ նախագահ կարգելու ամբողջ նպատակը բոլոր տեսակի ընտրություններին ցանկալի տոկոսներ գրանցելն է՝ այն հստակ գիտակցմամբ, որ հայաստանյան ընտրություններում հաղթում է ոչ թե այն ուժը, որն օբյեկտիվորեն ամենաշատ քվեներն է ստանում, այլ՝ այն, ում օգտին հաշվում են ձայները՝ խփելով ցանկալի տոկոսը: Եվ քանի որ Նիկոլի համար վերարտադրվելը կենաց-մահու հարց է, ուստի նույնքան կենաց-մահու հարց է դառնում հաշվողի կամ նկարչի անձի ով լինելու խնդիրը:

Նիկոլը վերացրել է հակակշիռների ինստիտուտը Հայաստանում՝ ձեռնամուխ լինելով կարգերի ու բարքերի այլասերմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել