Civilnet.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատունը պահանջում է Պետեկամուտների կոմիտեից 1,4 միլիարդ դրամ ճանաչել գերավճար և նվազեցնել խաղատան համար նախատեսված տուրքից։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

Հուլինին կառավարությունը որոշեց «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքի գումարը ընկերության փոխարեն փոխհատուցել՝ հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարի հրամանով «Շանգրի լա»-ի լիցենզիան դադարեցվել էր, դրան էլ գումարվել էին տուգանքներ ու տույժեր։ Դատարանում «Շանգրի լա»-ի իրավաբանական անձը՝ «Օնիրա քլաբ»-ը, հաղթել էր ֆինանսների նախարարությանը, ու կառավարությունը ստիպված էր փոխհատուցել խաղատան վնասները։

«Հետք»-ը հետագայում բացահայտել էր, որ կառավարությունը «Օնիրա քլաբ»-ի համար փոխհատուցել է ոչ թե 4,2, այլ 5,6 միլիարդ դրամ։ Կառավարության հետ այս փոխհատուցումների գործընթացն ավարտելուց հետո այժմ «Շանգրի լա»-ն աշխատում է, բայց ընկերությունը նոր պահանջներ է առաջ քաշել ընդդեմ Պետեկամուտների կոմիտեի։

Ըստ «Դատալեքս»-ի տվյալների՝ «Օնիրա քլաբ»-ը պահանջում է ամբողջ 2020-ի համար վճարված տուրքերի գումարը ճանաչել գերավճար ու կատարել վերահաշվարկ։ Գերավճար ճանաչելու պահանջը վերաբերում է մոտ 1,4 միլիարդ դրամի։ «Օնիրա քլաբ»-ը դիմել էր դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջով, բայց հոկտեմբերի 25-ին վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը պահանջը մերժել է։ Հունվարին կայանալու է ՊԵԿ-ի դեմ ընկերության հայցի առաջին դատական նիստը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել