Ալեքսանդր Հարությունյանն անուն ազգանունը գուցե շատերին ոչինչ չասի, բայց Ցորի Սաշկոյին Արցախում և նրա սահմաններից դուրս ճանաչում են գրեթե բոլորը։ Դեռևս դպրոցական էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը, իսկ արդեն պատերազմի տարիներին նա դարձավ 4-րդ կամավորական վաշտի ամենաերիտասարդ զինվորներից մեկը:
Նա մասնակցեց Արցախյան երեք պատերազմներին, ընդ որում առաջին պատերազմի ժամանակ ընդամենը 16 տարեկան էր:
Իր կատարած սխրանքների համար նա առաջիններից մեկն էր, որ 1994թ. մայիսի 28-ին արժանացավ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևը համարվող «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Այդ ժամանակ նա ընդամենը 20 տարեկան էր։ Դա և պատիվ էր, և մեծ պատասխանատվություն, որը Սաշկոն հպարտորեն կրեց մինչև կյանքի վերջ։
2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ նա իր 15-ամյա որդուն՝ Իվանին էլ էր հետը տարել Թալիշի դիրքերը պաշտպանելու: Մոտ 2 ամիս Ազատամարտիկների միության վետերաններով դիրքերում էին մնացել և միայն ամեն բան կարգի բերելուց հետո վերադարձել Ստեփանակերտ։
Ալեքսանդր Հարությունյանն իրական արցախցու մարմնավորումն է։ Նա 16 տարեկանից կռվեց Արցախի համար մղվող պատերազմներում, հաղթեց դրանք ու վերջին մարտն էլ հաղթողի դիրքերից վարեց։ Թշնամին այդպես էլ չկարողացավ մոտենալ նրան ու ստիպված թիրախավորեց անօդաչուով։
Հետմահու նա արժանացավ «Արցախի հերոս» բարձրագույն պարգևին, բայց ինքն Արցախի հերոս էր իր ողջ կյանքում...
Նա զոհվեց՝ չտեսնելով իր ազատագրած Արցախի մասնատումը, նա զոհվեց հաղթանակած ու մարդկանց հիշողություններում հավերժ մնաց որպես Ցորի լեգենդար Սաշկո, ով 20 տարեկան հասակում, շարքային զինվորի կարգավիճակում Հայաստանի բարձրագույն պարգևին էր արժանացել։
Հիշատակդ վառ, Արցախի զավակ, հիշատակդ վառ, լեգենդար հրամանատար։

.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել