Ուկրաինան պատերազմ է գուժում Հայաստանին

Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ ապագայում Կիևը վրացիներին փրկելուց բացի, կփրկի նաև Հայաստանը, Մոլդովան։ «Մենք պետք է փրկենք վրացիներին։ Փրկել Մոլդովան, Հայաստանը։ Բոլորին փրկել։ Սա լավ պատմություն է, քանի որ մեր միլիոնավոր տղաների և աղջիկների համար, որոնք պատերազմել են, հետխորհրդային տարածքում միշտ աշխատանք կգտնվի մոտ ապագայում»,- հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան:

Ակնհայտ է, թե «փրկելու» տակ ինչ է նկատի առել երկիրը կրակի բաժին դարձրած Զելենսկու հպատակը, որի խոսքերում առավելապես արտահայտվում են արևմտյան որոշ շրջանակների մտայնություններն ու հետագայի վերաբերյալ արյունոտ պլանները:

Այս իմաստով ուշագրավ է այն, որ ըստ վերջին տեղեկությունների՝ արևմտյան ռազմատենչ շրջանակները, որոնք մտադիր են ՌԴ-ին ամեն գնով ծնկի բերել, Մոլդովայի ղեկավար Սանդուի առջև հստակ նախապայման են դրել՝ մինչև 2023-ի փետրվար պատերազմ սանձազերծել ՌԴ-ի դեմ: Վերլուծաբաններն այն կարծիքն են, որ բազմաթիվ կոմպրոմատների թակարդում գտնվող Մայա Սանդուն ուզած-չուզած կատարելու է իր արևմտյան տերերի պահանջը՝ երկիրը տանելով ուկրաինական սցենարով:

Ինչ վերաբերում է Կովկասին, որը, փաստորե, հայտնվել է ուկրաինացի պաշտոնյայի թիրախում, ապա այստեղ նույնպես մխիթարվելու շատ քիչ բան կա. եթե չհաջողվի զսպել Շուշիում հյուպատոսարան բացելու պլաններ ունեցող Էրդողանին, ապա տարածաշրջանը կարող է վերածվել արյունահեղության թատերաբեմի՝ ինչ-որ պահից սկսած այնտեղ ներքաշելով նաև Վրաստանին: Այսինքն՝ կստացվի ՌԴ դեմ ոչ թե կբացվի երկրորդ ռազմաճակատը, այլ միանգամից մի քանի ռազմաճակատ՝ մարտահրավեր, որի հաղթահարման հարցում ՌԴ-ն կարող է ունենալ լրջագույն դժվարություններ՝ նկատի ունենալով այն, որ եթե Մոսկվան, այնուամենայնիվ, նախընտրի չխառնվել, ապա մյուսները Կովկասը վերաբաժանելու են՝ արդեն առանց ՌԴ կարծիքը հաշվի առնելու, իսկ դրան Մոսկվան չի գնա:

Այնպես որ՝ Հայաստանը Սիրիայի վերածվելու ռեալ հեռանկարներ ունի մոտ ապագայում՝ հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ ուժեր են այսօր Հայաստանի ղեկին գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել