Ներկայիս Հայաստանի ամենամեծ ողբերգություններից մեկն էլ այն է, որ մեր երկիրն այսօր միջազգային արենայում փաստացի չունի դաշնակիցներ: Համենայն դեպս՝ դժվար է նշմարել այնպիսի մի երկիր, որը պատրաստ է՝ Հայաստանին սատար կանգնելու՝ ռեալիզացնելու ազգային շահերից բխող այնպիսի մի օրակարգ, որը հիմնավորապես կլուծի հատկապես ՀՀ առաջ ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերները:

Սովորաբար երկրների միջև դաշնակցային հարաբերություններ ձևավորվում են ընդհանուր շահի հիմքով, ու չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե հենց դա է պատճառը, որ այսօր Հայաստանը մնացել է միայնակ՝ ստիպված լինելով հանդես գալ ինչ-որ բան մուրացողի դերում, սակայն իրականությունն այնքան էլ այդպիսին չէ. Հայաստանի հետ շահերի ընդհանրություններ ունեն ոչ քիչ թվով պետություններ, բայց միջազգային հարաբերություններում կարգն այնպիսին է, որ դաշնակիցներ հայտնվում են միայն այն երկրների կողքին, որոնք ցուցաբերում են պայքարելու կամք ու վճռականություն: Պայքարողներն են ունենում դաշնակիցներ, իսկ հանձնվողները՝ երբեք, քանի որ հանձնվողներին ոչ թե սատարում են, այլ փորձում դառնալ բաժնետեր: Հենց հիմա Հայաստանի շուրջ ընթացող պայքարը կարելի է բնութագել որպես բաժնետերերի միջև ընթացող մրցակցություն՝ պարզելու, թե ում որքան է Հայաստանից բաժին հասնում:

Գործող իշխանությունների ամենամեծ հանցանքն այն է, որ Հայաստանին ուղղված որոշ երկրների դաշնակցային ձեռքը ցայսօր էլ մնում է օդում. ՔՊ-ականները չեն ցանկանում ՀՀ ազգային շահերն առաջ տանել, քանի որ նրանց համար ավելի կարևոր բան, քան Էրդողանի ու Իլհամի բարձր տրամադրությունն է, ուղղակի չկա: Հենց թշնամիների քեֆը քոք պահելու սրանց մոլագարության պատճառով է նաև, որ արցախյան խնդրի հարցում Հայաստանը մինչև հիմա չունի հստակ ռազմավարություն: Ռազմավարություն չկա նաև երկրի ներքին կյաքին առնչվող հարցերում, ինչի հետևանքով այսօր ՀՀ-ն վերածվել է կիսապետական ինչ-որ գոյացության, որն ավելի շուտ ինչ-որ կիսաֆաբրիկատ է հիշեցնում, քան սուբյեկտայնություն ունեցող միավոր:

Քանի դեռ Հայաստանը չի բարձրացրել պայքարի դրոշը, այս ստորացված վիճակից ելք չենք ունենալու, իսկ Նիկոլն երբեք դա չի անելու, իսկ թե ինչու, ասված է վերևում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել