Replik.am-ը գրում է.
Նախապես ասեմ, որ ես չէի անդրադառնա, այս թեմային, եթե ԱՄՆ-ի` Սիրիայի վրա հնարավոր հարձակման ժամանակ վտանգված չլիներ սիրիահայերի կյանքը: ԱՄՆ -ը միանշանակ դեմոկրատական արժեքներ դավանող երկիր է, բայց դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ներքին քաղաքականությանը: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ ամերիկյան արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունների շարքում միշտ հայտնվում են այն երկրները, որտեղ բավականին նավթային ռեսուրսներ կան: Չնայած ԱՄՆ-ը հայտարարում է, որ իր արտաքին քաղաքականության առանցքը կլիմայի փոփոխությանը զգալի ուշադրություն դարձնել և աշխարհի տարբեր հատվածներում ժողովրդավարության և ազատության աջակցմանը, մենք բոլորս լավ հասկանում ենք, որ դա ընդամենը անկոչ «հրավիրատոմս» է իրենց ուշադրության կենտրոնում հայտնված երկրների տարածքներ ներխուժելու համար… Եթե նույնիսկ ոչինչ չլիներ՝` «ԱՄՆ-ը պատրաստ է Սիրիա ներխուժել առանց ՄԱԿ-ի թույլտվության» արտահայտությունից բացի, արդեն բավական էր, որպեսզի հասկանայինք ԱՄՆ-ի, կոպիտ ասած, այլ երկրների կարծիքի վրա «թքած» ունենալը. նրան հետաքրքրում է միայն իր սեփական շահերը, իսկ թե այդ շահերի պաշտպանման շրջանակներում ինչքան մարդ կզոհվի, նույն Սիրիայի բնակչությունից, ԱՄՆ-ին ընդհանրապես չի հետաքրքրում: Ինչո՞ւ է ԱՄՆ-ին թվում, որ այնպիսի երկրներ, ինչպիսին են Անգլիան, Ֆրանսիան և այլն, ավելի քիչ են շահագռգռված Սիրիայի ճակատագրով , քան ինքը, այդ հարցին դժվար է պատասխանել, քանի որ ի սկզբանե ԱՄՆ-ին սիրիայի բնակչության ճակատագիրը չի հետաքրքրել, նա դեռ Ջորջ Բուշ կրտսերի ժամանակներից արդեն պլանավորել էր հարձակվել Սիրիայի վրա և նրան միայն հարմար առիթն էր պակասում… Ըստ ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Ջոն Բեյների, ԱՄՆ Կոնգրեսը Սիրիա ներխուժելու Օբամայի առաջարկը կքննարկի սեպտեմբերի 9-ից հետո, սակայն արդեն հստակ երևում է, որ կոնգրեսը կաջակցի Օբամային, և այդ ցավալի փաստը իրոք մտորելու տեղիք է տալիս:
Հ.Գ. իսկ մեզ մնում է միայն աղոթել, որ մեր սիրիահայ եղբայրները և քույրերը հնարավորինս քիչ տուժեն այս հնարավոր պատերազմից…
Կարեն Թումանյան



