Եղոյան Արմանի անտրամաբանական շղթան

Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանն առնչվող հարցին, թե արդյոք այդ անհավասար երկխոսության հետևանքով Ստեփանակերտը կամա-ակամա չի՞ հայտնվի Բաքվից կախվածության մեջ, Եղոյան Արմանը, կոչ անելով տրամաբանական շղթան կառուցել «ճիշտ», հայտարարել է, թե եթե նման վտանգ կա, ապա այդ վտանգը կլինի՝ անկախ նրանից, թե երկխոսություն տեղի կունենա, թե՝ ոչ:

Եղոյան Արմանի «տրամաբանական շղթայում» պակասում է մի կարևոր օղակ՝ այն հարցի կարևորումը, թե ինչ բնույթ է կրելու այդ երխոսությունը, տիրոջ ու ծառայի՞, թե՞ ասենք սուբյեկտայնության քիչ թե շատ հավասար մակարդակներ ունեցող սուբյեկտների: Սա հիմնահենքային հարց է, ու շատ առումներով հենց սրանով է պայմանավորված լինելու արցախցիների ապագայի ու այդ ապագայում անվտանգային բաղադրիչի երաշխաորման խնդիրը: Եղոյան Արմանը, նախքան տրամաբանական շղթաներ կազմելը, նախ պետք է մեկ հարցի պատասխանի՝ ինքը գոնե համարո՞ւմ է հնարավոր արցախցիների անվտանգության անձեռնմխելիությունը՝ Ադրբեջանի կազմում՝ նկատի ունենալով այն, որ ՔՊ-ականները, ըստ էութան, այլևս բացառում են Արցախի անկախության կամ Ադրբեջանի տարածքից դուրս որևիցե այլ կարգավիճակի քննարկում անգամ: Եթե Եղոյան Արմանը համարում է, որ փոքրաթիվ էթնկ հայերը կարող են իրենց բացարձակ անվտանգ զգալ ու լիարժեքորեն իրավահավասար լինել Ադրբեջանի ազերի քաղաքացիների հետ թեկուզ երկխոսության միջոցով, ապա սա մեկ բան է, իսկ եթե, այնուամենայնիվ, չի կորցրել իրականության զգացումն ու հասկանում է, թե ինչ է սպասում արցախցիներին Արդրբեջանի կազմում, ապա դա՝ բոլորովին ուրիշ:

Ադրբեջանը Ստեփանակերտի հետ երկխոսության մեջ մտնելու միայն մեկ ֆորմատի կողմնակից է՝ տեր-վասալ ձևաչափի, և դրա մասին արմանեղոյաններն էլ գիտեն՝ դեմ չլինելով Ստեփանակերտի խանքենդիացման հեռանկարին: Ցանկացած երկխոսություն, որին իր համաձայնություը կարող է տալ Բաքուն, կոչված է լինելու բացառապես Ադրբեջանի շահերի սպասարկմանը: Եթե Բաքուն զգա, որ այդ երկխոսությունը դույզն ինչ մեծացնում է Ստեփանակերտի սուբյեկտայնությունը, ապա որևիցե պարագայում չի գնա նրա հետ բանակցությունների այնպես, ինչպես չէր գնում գրեթե 20 տարի:

Բայց ՔՊ-ականների համար այս ամենն էական չէ, էականն արագ Արցախից «ձեռքերը լվանալն» ու Թուրքիայի գիրկը ցատկելն է, որ ռուսներին տարածաշրջանից դուրս թողնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել