Զարմանալի էր, երբ իննսունականներին մի քահանա մի առիթով արտաբերեց այս խոսքերը: Ինչո՞ւ էր նա այսպես կարծում, թերևս այսօր է դառնում հասկանալի:
Կար մի ժամանակ, երբ պատերազմները կրում էին քաղաքական, տնտեսական, նույնիսկ աշխարհաքաղաքական բնույթ: Նույնիսկ ավելի ուշ խաչակրաց արշավանքներին տրվեց կրոնական բնույթ, թեև կրոնը միայն պատրվակ էր հետ վերադարձնելու կորցրած շահույթի աղբյուրները: Ուստի, մարդկային ագահության և սպառողական մոլուցքի հետ Քրիստոսն ու Իր Ավետարանը ոչ մի աղերս չունեն (թեև սա քարոզի նյութ կարող էր դառնալ): Կրոնական տոլերանտությունը շահարկվում է միայն կեղտոտ քաղաքական խաղերի ժամանակ, երբ որևէ երկիր ներխուժելու պատճառներ են փնտրվում` այն հիմնահատակ տակնուվրա անելու համար: 20-րդ դարի վերջին և 21 -րդ դարի սկզբին պատերազմները էներգակիրների՝ նավթի և գազի պաշարներին տիրանալու պատճառով են, սակայն պատրվակը ժողովրդավարությունն է, որին հասնելու համար հրահրվում են բախումներ, քաղաքացիական պատերազմներ:
Մերձավոր Արևելքում պատերազմները հիմնականում ընթանում են իսլամի ճյուղերի միջև, և ասել, որ այսօր տեղի են ունենում կրոնական պատերազմներ (ի նկատի ունեմ պատերազմ քրիստոնեության և իսլամի միջև), կարծում եմ` ճիշտ չէր լինի, քանի որ կարող ենք փաստել, որ բուն քրիստոնեությունը՝ անկախ քրիստոնեական երկրների վարած պատերազմներից, զերծ է մնում պատերազմի մեջ ներքաշվելուց: Քրիստոնեությունն այսօր ավելի հալածված կրոն է և հետապնդվում է ողջ աշխարհով մեկ, քան երբևէ եղել է պատմության ընթացքում:
Միջիսլամական այս պատերազմում տուժում են քրիստոնյաները, քանի որ ստիպված են լինում լքել իրենց բնակավայրերը: Քրիստոնեական երկրները ոչ մի քայլ չեն ձեռնարկում պատերազմական գոտիներում բնակվող քրիստոնյա եղբայրների ապահովությունը երաշխավորելու համար: Ուստի, Արևմուտքը՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները, որոնք համարվում էին քրիստոնեական (քանի որ իրենց սահմանադրության հիմքում ընկած են սուրբգրային օրենքները), այսօր կա՛մ աշխարհիկացված են, կա՛մ էլ իսլամացված: Եվրոպան խոսում է արաբերեն կամ թյուրքերեն: Արաբական գարնան պատճառով քրիստոնեական համայնքները լքում են պատերազմական գոտիները` ապաստարան գտնելով Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Եգիպտոս, Լիբիա, Իրաք, Աֆղանստան և այսօր Սիրիա, այս երկրները քրիստոնեաթափ են եղել, և տակավին դեռ քրիստոնյաների արտահոսք կա:
Միջիսլամական այս պատերազմներում միևնույն ժամանակ կատարվում են էթնիկ և կրոնական զտումներ, բայց ՄԱԿ- ի կողմից գրեթե ոչ մի լուրջ արձագանք կամ գործնական քայլեր չեն ձեռնարկվում այդ սպանդները կասեցնելու համար: Բնականաբար, Սիրիայում արդեն երկու տարի տևող և հարյուր հազարից ավելի զոհ տվող պատերազմը քաղաքացիական չէ, քանի որ ութսուն հազարից ավելի գրոհայիններ Սիրիա են եկել Չեչնիայից, Լիբիայից, Կատարից, Թուրքիայից և մի շարք այլ երկրներից և ֆինանսավորվում են Թուրքիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից, չմոռանամ նաև ԱՄՆ-ին: Ուստի, այս ահաբեկիչների նպատակն է ստեղծել միասնական իսլամական պետություն, և այս նպատակին հասնելու համար նրանք ոչ մի բանի առջև կանգ չեն առնի:
Հայաստանը Սիրիայում կորցնում է սփյուռքի ազդեցիկ քրիստոնեական համայնքերից մեկը և ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ կապակցությամբ: Չանրադառնամ Իրաքի հայկական համայնքին, որը պատերազմի պատճառով կրճատվել է երկու հինգերորդով (20000-ից մնալով 10000 քիչ ավելի), թեև իրաքյան հայությունն էլ Հայաստանում արժանացավ նույն ճակատագրին, ինչին որ այսօր բախվում են սիրիահայերը: Հայերը Սիրիայում տեղի ունեցած ապստամբությունների կամ քաղաքացիական պատերազմների ժամանակ երբեք չեն միջամտել` պահպանելով չեզոքություն, որը և ապահովել է նրանց անձեռնմխելիությունը, իսկ այսօր նրանք վտանգված են, քանի որ ապստամբների, կամ ինչպես ասում են ընդդիմադիրների «կրոնի իրավունքի խորհուրդը» հրաման է արձակել, ըստ որի` թույլատրվում է քրիստոնյաների՝ այդ թվում նաև հայերի ունեցվածքը բռնագրավել, իսկ դիմադրություն ցուցաբերողներին սպանել: Հարկ է նշել, որ սիրիահայ համայնքը յոթանասունից մինչև ութսուն հազար է կազմում: Նրանց շարքերում քիչ չեն գործարարները, գործարանատերերը, նույնիսկ կառավարությունում ընդգրկված հայրենակիցներ ունենք: Այս համայնքի աջակցությունը միշտ էլ զգալի է եղել մեր երկրի համար: Սիրիահայ համայնքը հայկական սփյուռքի ամենակազմակերպված և կայացած համայնքներից է:
Այսօր Հայաստանը խնդիր ունի հազարավոր ներգաղթած սիրիահայերին աշխատանքով և սոցիալապես ապահովելու հարցում: Զարմանալին այն է, որ ներգաղթածներից երեք հազարից ավելին գերադասել է հետ վերադառնալ Սիրիա: Կարծում եմ, որ սա իսկապես հեգնանք է Հայաստանի համար: Խնդիրը մտահոգող է, քանի որ որ ՀՀ կառավարության, սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը ձախողված է: Հայաստանի ներկայիս իշխանություններն ու առանց բացառության նաև ՀԱԵ-ին ամեն հնարավորինը կատարեցին, որպեսզի սփյուռքի հայությանը հիասթափեցնեն, և այն, որ սիրահայերը հայրենիքի «սերը, հոգատարությունն ու պաշտպանությունը» իրենց սեփական մաշկի վրա զգացին, կարծում եմ, որ իր ազդեցությունը կունենա հետագա Հայաստան-սփյուռք փոխհարաբերության վրա:
Աշխարհաքաղաքական պատկերը շարունակում է ենթարկվել փոփոխությունների, ինչպիսի՞ դեմք կունենա Հայաստանը տասնամյակ անց և ի՞նչ դեր կունենա տարածաշրջանում: Մինչ այս վերափոխումներն են կատարվում աշխարհում, Հայաստանի իշխանավորները զբաղված են բարքերի կուտակմամբ և ձևական կրոնապաշտությամբ, իսկ նրանց բարոյական անկումը Հայաստանին սպառնում է պետականության կորստով:



