Պետք է ստիպենք ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այդ մեխանիզմը չկա:
Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը բախվել է այն խնդրին, որ ՀԱՊԿ անդամ պետություն լինելով՝ չկարողանանք որոշ պետություններից զենք գնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք զբաղվում ենք Ձեր նշած խնդրով, և ակնհայտ է, որ միայն մի տեղից զենքի մասով հույս չենք դնում, առավել ևս, որ հիմա պարզ պատճառներով խնդիրներ կան և Ձեր հնչեցրած մտահոգությունը մենք գիտենք և այդ տրամաբանության մեջ փորձում ենք կառուցել մեր անվտանգային համակարգը»։
Ազգային ժողովի նախագահը ավելացրեց․ «Մենք որևիցե ձևով չենք զսպելու մեզ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու հարցում։ Անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, մեզ համար գերագույն նպատակ է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել»։
Ինչ վերաբերվում է խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ աշխատանքներին չմասնակցելուն, ապա Ալեն Սիմոնյանը նշեց․ «Խելոք վերադառնալու են և աշխատելու են։ Սկզբից ասելու են, որ իրենք իրենց օրակարգով են գալու, ինչ-որ բաներ են առաջարկելու, օրինակ հայտարարություն կամ կառավարության հրաժարականն են պահանջելու, դա պատրվակ են վերցնելու և խելոք գալու են աշխատելու»։