Pastinfo.am-ը գրում է․
Սեպտեմբերի 28-ին՝ Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է ԶՈՒ սպա, փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը։ Նա Վայոց Ձորի մարզի Թառաթումբ բնակավայրից էր։ 32-ամյա Նահապետն ամուսնացած էր, ուներ երկու դուստր։
Համայնքի վարչական ղեկավար Վահանիկ Մարկոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ Նահապետը ծնվել և մեծացել է Թառաթումբում, ավարտել միջնակարգ դպրոցը, ինչից հետո սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և ծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում, մասնակցել Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում, եղել գումարտակի հրամանատար։
Նահապետի մարտական ընկերները պատմել են, թե ինչպես է Նահապետը կարողացել շրջափակումից հանել զինծառայողներին, ասում են՝ Նահապետն ավելի շատ իր համածառայակիցների, ենթակաների մասին էր մտածում, քան՝ իր։ Նահապետը խստապահանջ էր, օրինական, ամեն զինվորի մասին մտածող։ Ինչպես փոխանցել է համայնքապետը, դեպքի ժամանակ բոլոր զինծառայողները եղել են խրամատներում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28–ին, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 28–ին, ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել էր: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ: Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: