Հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ և ԵՄ գլխավորությամբ, նոր աշխարհակարգի ճարտարապետության նախագծման պլանով, փորձում են իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ երկրներ: Ռուսաստանն ու Չինաստանը՝ նույն նպատակից ելնելով (Արևմտյան գերակայություն թույլ չտալու և բազմաբևեռ աշխարհակարգ կառուցելու պլանով), նույնպես փորձում են իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ երկրների:
Աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացների արժեքներն ու կոշտ պայքարի հիմքերն ապահովելու համար Արևմուտքը սահմանել է հակադրության պարզ, բայց պայմանական սիմվոլիկա. “դեմոկրատիայի” պայքարը “ավտոկրատիայի” դեմ, կամ “ավտոկրատիայի” պայքարը “դեմոկրատիայի” դեմ:
Այս պայմանական տարանջատման առջև կանգնած են գրեթե բոլոր երկրները: Իսկ ձևավորվող բևեռների միջև, պայքարը տարվում է բոլոր հնարավոր եղանակներով՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, մշակութային և այլն:
2020թ.-ից հետո Հայաստանն այս ընտրության առջև է և հայտնվել է անվտանգային ծանր սպառնալիքների մեջ: Վտանգը, որի առջև հայտնվել են ապաշնորհ և դավադիր իշխանությունները՝ հայ ժողովրդին սպառնում է գոյաբանական իմաստով: Պայմանականորեն “դեմոկրատիայի” ճամբարը, իր շահերից ելնելով, ի վիճակի չէ լիարժեք կանխել հայ ժողովրդին վրա հասած ֆիզիկական սպառնալիքները: Իսկ պայմանական “ավտոկրատիայի” ճամբարը Հարավային Կովկասում ունի կայունության և հարաբերական խաղաղության պահպանման իր տեսլականը: Մեզ համար սխալ կլինի այն, որ թշնամու ագրեսիայի դեմ պայքարում մենք ստիպված մտնենք ավելի գլոբալ ու բազմաշերտ պատերազմի մեջ, որտեղ մեզ օգտագործելու են՝ հաճախ ի վնաս մեր երկարատև անվտանգային շահերի: Եթե կուզեք ավելի պարզ, ապա մեզ ձեռնտու չէ, որ պայմանական “ավտոկրատիան” պարտվի կամ նահանջի այս պայքարում: Երբ Ռուսաստանը մի փոքր նահանջ ունեցավ Ուկրաինայում, Ադրբեջանն ու Թուրքիան անմիջապես օգտվեցին իրավիճակից և հարձակում գործեցին Հայաստանի սահմանների վրա:
Ռուսաստանը շարունակում է մնալ մեր գործընկերն ու ռազմավարական բնական դաշնակիցը: Այլընտրանքը լինելու է այն, որ մեզ առաջարկելու են թշնամու դեմ կռվելով մեր կենսական շահերի համար, միանալ նաև մեր ռազմավարական դաշնակիցի դեմ տարվող գլոբալ պատերազմին: Նման հեռանկարը մեզ սպառնում է ոչընչացման՝ զոհաբերման միջոցով:
Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեր կապիտուլյանտների արկածախնդիր գործողությունները հմտորեն օգտագործում են մեր դեմ: ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանից հեռանալու և նմանատիպ կոչերը բխում են ՀՀ-ում գործող նեղ խմբակային խնդիրներից, բայց ոչ հայ ժողովրդի միասնական շահերից:
Ռուսական խաղաղարար առաքելությունը վերահսկում է Արցախում առկա իրավիճակը: Ռուսական զորամիավորումները կանգնած են Հայաստանի տարբեր հատվածներում, և առնվազն կարողանում են լուծել իրենց նվազագույն խնդիրները: Պաշտոնական Մոսկվայի քաղաքական ազդեցությունն ի վիճակի է կանխել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները: Այս իրավիճակում մեզ համար խիստ անցանկալի են հակառուսական տրամադրությունների սերմանումները: Եթե Հայաստանի իշխանությունները, իրենց անվստահելի տեսակով չեն կարողանում դաշնակցի և մյուս գործընկեր պետությունների հետ լիարժեք անկեղծ և կայուն քաղաքականություն վարել, դա դեռևս չի նշանակում, որ հայ ժողովուրդը պետք է գնա նիկոլիզմի արկածախնդրությունների հետևից և վտանգի իր փխրուն ապագան:
Մեզ պետք չէ մտնել պայմանական “դեմոկրատայի” և “ավտորիտարիզմի” համաշխարհային պայքարի մեջ, հատկապես, որ այն երկարատև է և բազմաբնույթ: Դա մեր կռիվը չէ: Մեր կռիվը մեր պետության անվտանգության և տարածքային ամբողջականությունը պահպանելն է և արժանապատիվ խաղաղությունը չսակարկելը: Դրա համար մեզ անհրաժեշտ է համազգային համախմբում և մեր Զինված Ուժերի առավելագույն ամրացում:
Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Ամերիկան և մյուս երկրները պետք է տեսնեն, որ Հայաստանը և հայ ժողովուրդը պատրաստ է իր անվտանգության համար խելացի, հետևողական և վճռական պայքար մղել: Դա մեր գոյության ամենաամուր երաշխիքն է: Այդ պարագայում մեզ չեն փորձի օգտագործել գլոբալ խաղերի մեջ և չեն փորձի մեր կենսական շահերի հաշվին այլ մակարդակներում պայմանավորվածություններ ձեռք բերել:
Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, որն այսօր կրկին ձեռք է բերել աշխարհաքաղաքական նշանակություն: Այն նաև Հայաստանն ու Արցախը սնուցող կարևորագույն հանգույց է, որը երբեք չպետք է վտանգվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել