DJ Էդոն ցրեց ավելորդ լավատեսությունը
Հարցին՝ Հայաստանն ունի՞ ԱՄՆ-ից ռազմական օգնության ակնկալիք, Ամերիկան այդ հարցում ձեռք կմեկնի՞, DJ Էդոն, երկար-բարակ շարադրելով սեփական ասելիքը, հանգել է այն մտքին, որ ոչ մի ռեալ ռազմական օգնություն Ամերիկան Հայաստանին ցույց տալ չի կարող. օգնությունը կարող է կրել բացառապես դիվանագիտական բնույթ:
DJ-ը չի ստում. իսկապես ԱՄՆ-ում գործում է օրենք, որն արգելում է այդ երկրին զենք վաճառել աշխարհում հակամարտող երկրներից որևիցե մեկին այն դեպքում, եթե այդ երկրներից մեկը ԱՄՆ համար ռազմավարական դաշնակցի կարգավիճակ չունի, ինչը նշանակում է, որ ասենք այն քաղաքականությունը, որն ԱՄՆ-ն տանում է Իսրայելի նկատմամբ, Հայաստանի պարագայում չի վարի, քանզի մենք ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը չենք ու այդ երկրի համար առանձնակի կարևորություն չենք ներկայացնում:
Ի դեպ՝ Էդոյի խոսքից պարզ էր դարձել, որ բոլոր դեպքերում Հայաստանի ակնկալիքը՝ ռազմական օգնություն ստանալու, կրկին ու կրկին մնում է միայն Հյուսիսը, որն առանցքն է ՀԱՊԿ-ի:
DJ Էդոն, փաստորեն, ակամա բացահայտել է Փելոսիի այցի բովանդակությունն ու այն իրական ակնկալիքների դիապազոնը, որ Հայաստանը կարող է ունենալ տվյալ պահին. ԱՄՆ-ից առավելագույնը, ինչ կարելի է ակնկալել, դիվանագիտական ջանքերի միջոցով թուքերին զսպելն է, միջազգային ասպարեզում հայանպաստ մթնոլորտի ձևավորումը:
Բավարա՞ր է դա, որպեսզի հնարավոր լինի զսպել Էրդողանի ախորժակը՝ նկատի ունենալով այն հանդուգն քաղաքականությունը, որ սուլթանական հավակնություններ ունեցող Թուրքիայի նախագահը վարում է երկար տարիներ: Պրակտիկան ցույց է տալիս, որ արևմտյան փափուկ ուժը կամ զսպման դիվանագիտական մեխանիզմները չեն կարողանում լուծել նույնիսկ ԱՄՆ-ի ազգային շահերից բխող խնդիրները, և միայն բիրտ ուժն է, որի հետ հաշվի է նստում Էրդողանը: Հետևաբար՝ որքան էլ Արևմուտքը փորձի դիվանագիտորեն զսպել Էրդողանի նկրտումները, ոչինչ չի ստացվելու այնքան ժամանակ, քանի դեռ հայոց բանակը չի տրորել Ալիևի քիթը: Իսկ տրորելու համար զենք է պետք, որը կարող է Հայաստանին տալ Ռուսաստանը, որի հետ, սակայն, լուրջ խնդիրներ կան:
Ո՞րն է ելքը: Ելքը միակն է՝ Նիկոլի ու նրա թիմի հեռանալը: Հայաստանին նոր իշխանություներ են հարկավոր՝ այնպիսի մի ուժ, որը կկարողանա իսկապես բալանսավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, որը չի լինի կապիտուլացված, որը նոր էջ կբացի, որին տեսնելով՝ թուրքերը չեն ծաղրի:
Տապալված իշխանություններին ո՛չ թշնամիներն են բանի տեղ դնում, ո՛չ էլ՝ բարեկամները:



