MediaHub.am-ը գրում է.
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան Հաղթանակ կամրջից երիտասարդ կին է իրեն ցած նետել․ նրա կյանքը փրկել, բարեբախտաբար, հաջողվել է։ MediaHub.am-ը կապ է հաստատել աղջկան փրկած տղամարդու՝ Արսեն Իգիթյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ ինքն ու ընկերը մեքենայով աշխատանքի գնալիս են եղել, երբ տեսել են, թե ինչպես է աղջիկը բարձրանում կամրջի արգելապատնեշին։
«Մինչև ես կհասնեի նրա հետևից, որ բռնեմ, ինքն իր ձեռքի թուղթը նետեց մայթին ու ցած գցեց իրեն։ Միանգամից զանգել եմ շտապ օգնություն ու վազել դեպի գետը։ Հասա, տեսա, որ քիթ-բերանի ընկած է։ Ջրից դուրս եմ բերել աղջկան, ու ահագին երկար ժամանակ՝ մոտ 40 րոպե, սպասել շտապ օգնության մեքենային։ Սկոռին եկավ, հետո պարեկները, հետո ԱԻՆ աշխատողները...»,- պատմեց Արսեն Իգիթյանը։
Նա նշեց նաև, թե ինչ է եղել գրված աղջկա թողած նամակում. «Իմ քրոջ համարն է՝ * * * **»: Ինքնասպանության փորձ կատարածին փրկած Արսենը զանգել է նշված համարով և պատմել, թե ինչ է եղել։
«Դրանից հետո այդ աղջկան տարան հիվանդանոց»,- պատմեց Արսենը, ապա հավելեց՝ ցած նետված աղջիկը մոտավորապես 30-33 տարեկան է եղել։ Նա իր վրդովմունքը հայտնեց, որ որոշ լրատվամիջոցներ, առանց իրականությունն իմանալու, գրել են, թե պարեկներն են փրկել աղջկան։ «Ճիշտ հասկացեք, ինձ գովազդել կամ գովասանքի խոսք ասել պետք չէ, ուղղակի չեմ հասկանում, թե ինչու են սազն առած պարեկների գովքն անում»,- ասաց նա։
Նշենք, որ երիտասարդ կնոջը տեղափոխել են «Արմենիա» ԲԿ․ նա գտնվում է վերակենդանացման բաժնում։ «Աղջկա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- MediaHub-ին տեղեկացրին ԲԿ-ից։