Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Սֆինքսի առեղծվածը

Երբ ասում են Սֆինքս, մարդիկ միանգամից պատկերացնում են Գիզայի Մեծ Սֆինքսը, սակայն Սֆինքսը նշանակալից խորհրդանիշ էր հանդիսանում նաև Հունաստանում, Փյունիկիայում և Սիրիայում:  Ըստ մի հունական առասպելի` երբ մարդ անցնում էր Սֆինքսի մոտով, Սֆինքսը հարցնում էր նրան. «Որ արարածն է, որ առավոտյան քայլում է 4 ոտքի վրա, ցերեկը` 2, իսկ երեկոյան` 3»: Եթե մարդը չէր  կարողանում պատասխանել, Սֆինքսը ոչնչացնում էր նրան: Ասում են, որ միակ մարդը, ով պատասխանել է այս հարցին, հունական հերոս Էդիպն է, ով պատասխանել է, որ այդ արարածը մարդն է: Սֆինքսի կառուցողների ինքնությունը, կառուցման տարեթիվը և դրա հետևում թաքնված խորհուրդը դեռևս ամբողջովին բացահայտված չեն: Բուրգերի խորհրդավոր գաղտնիքը բացատրելու համար մի շարք զարմանալի տեսություններ են առաջ քաշվել: Գիտնականները կարծում են, որ Սֆինքսը կառուցվել է Մ.թ.ա. 2500 թ.-ին Քեֆրեն փարավոնի կողմից: Այնուամենայնիվ, 1989 թ.-ին Ջոն Էնթոնի Վեսթը հայտարարեց, որ Սֆինքսը շատ ավելի հինավուրց է, իսկ Քեֆրեն փարավոնը ոչ թե կառուցել է, այլ նոր ձևավորում է տվել Սֆինքսին:

4. Արյունոտ Ջեք

jacktheripper1888 11 Most Mysterious People

«Արյունոտ Ջեքը» մի սերիական մարդասպանի կեղծանունն է, ում ինքնությունն այդպես էլ չի հաջողվել ճշտել: Նա ակտիվ էր հատկապես Լոնդոնում 19-րդ դարի երկրորդ կեսին: Անունը հայտնի է դարձել մի նամակից, որ ուղարկվել է կենտրոնական տեղեկատվական գործակալությանը մի մարդու կողմից, ով ներկայանում էր իբրև մարդասպան: Նրա զոհերը կանայք էին, ովքեր գումար էին վաստակում մարմնավաճառությամբ: Սպանությունները կատարվում էին հրապարակային վայրերում արևածագի ժամանակ: Նա զոհի կոկորդը կտրում էր, որից հետո որոշ դեպքերում խեղում էր նրա մարմինը: Ըստ շրջանառվող խոսակցությունների` նա զոհերին նախ խեղդում էր, որպեսզի նրանք չաղմկեին, և որպեսզի արյունոտ տեսարաններ չլինեին հանցանքի վայրում: Նա հեռացրել էր երեք զոհերի ներքին օրգանները: Ուսումնասիրելով դիակները` որոշ մասնագետներ այն կարծիքին հանգեցին, որ Արյունոտ Ջեքը որոշակի անատոմիական կամ վիրաբուժական գիտելիքներ ուներ: Նրա հանցագործությունների հետ կապված շատ բաներ գաղտնիք են մնում մինչ օրս: Պարզ չէ ո՛չ հանցագործի ինքնությունը, ո՛չ նրա զոհերի ստույգ քանակը: Աղբյուրների մեծ մասում նշվում է, որ 1888 թ.-ի նոյեմբերից օգոստոս ընկած ամիսներին նա սպանել է հինգ մարմնավաճառի, սակայն ըստ այլ աղբյուրների` նրա զոհերի թիվը հասել է վեցի: Ինչ վերաբերում է կենտրոնական տեղեկատվական գործակալությանը ուղարկված նամակներին, վերջերս շրջանառվում է այն տեսակետը, որ այդ նամակները գրվել են ոչ թե մարդասպանի, այլ Թոմ Բուլինգ անունը կրող լրագրողի կողմից: Սակայն նամակներից մեկի հետ միասին մարդկային երիկամ էր ուղարկվել, ինչն էլ վկայում է այն մասին, որ գոնե այդ նամակի հեղինակը մարդասպանն էր: Թեպետ այդպես էլ չի հաջողվել պարզել Արյունոտ Ջեքի ինքնությունը, սակայն կան տարբեր կասկածյալներ: Տարբեր աղբյուրներ կասկածյալների շարքում նշում են Մայքլ Օստրոգի, Ջորջ Չափմանի, Թոմաս Քաթբրաշի, Էդվարդ VII-ի, մաթեմատիկոս և գրող Լյուիս Քերոլի, հանցագործ Ֆրեդերիկ Դիմինգի և բանաստեղծ Ֆրանսիս Թոմպսոնի անունները:

3. Ուխտի տապանակ

Ուխտի տապանակը հիշատակված է հրեական աստվածաշնչում: Դեռևս հին ժամանակներից ի վեր այն հարուցել է մարդկանց հիացմունքը: Աստված Մովսեսին կարգադրել է կառուցել մի տաճար, որտեղ իսրայելացիները կկարողանան Աստծուն երկրպագել: Աստված  կարգադրեց տաճարի ներսում մի սենյակ առանձնացնել, որը պետք է կոչվեր Սուրբ Սրբոց, որտեղ էլ պետք է դրված լիներ Ուխտի տապանակը: Այն պատրաստված էր ակացիայի փայտից, որը պատված էր ոսկով: Վերևում ծառանում էին երկու հրեշտակներ: Համարվում էր, որ հրեշտակների թևերի միջև Յոմ Քիփուրին` իսրայելացիների ապաշխարհանքի օրը, հենց ինքը Աստված էր կանգնած լինում: Տապանակը միայն իսրայելական հավատքի կենտրոնը չէր: Այն նաև գերբնական հատկություններ ուներ և օգնում էր պարտության մատնել ոսոխին: Շատերը կասկածում են, որ Ուխտի տապանակն առհասարակ գոյություն է ունեցել: Ենթադրվում է, որ Տապանակը պահվել է Սողոմոնի տաճարում, իսկ հետո` Մ.թ.ա. 586 թ.-ին, ավիրվել է բաբելոնացիների կողմից:  Սակայն սա ևս ընդամենը ենթադրություն է:

 2. Արթուր արքա


Ցայսօր պարզ չէ` մենահայտնի անգլիացի թագավորներից մեկը` Արթուր թագավորը, իրականում ապրե՞լ է, թե՞ ընդամենը առասպել է, որը ծառայել է իբրև ներշնչանքի աղբյուր անգլիական զորքերի համար: Առաջին անգամ նա հիշատակվել է 9-րդ դարում Նենիուս անունով մի ուելսցի հոգևորականի աշխատության մեջ: Ամենահամապարփակ աղբյուրը Մոնմոթի «Բրիտանիայի արքաների պատմությունը» վերնագիրը կրող աշխատությունն է, որը մեզ է հասել 12-րդ  դարից:   Մոնմոթը պնդում է, որ Արթուրը դիվանագիտական և մարտական մեծ տաղանդի տեր արքա էր, ում տիրապետությունը տարածվում էր Ուելսի, Շոտլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Գերմանիայի վրա: «Բրիտանիայի արքաների պատմությունը» աշխատությունը խեղաթյուրված է ներկայացնում պատմական փաստերը, սակայն դա չի խանգարել ողջ աշխարհին հավատալ Արթուր արքայի մասին հյուսված առասպելին: Թեպետ Արթուրն իրականում առասպելական թագավոր է,  բացառված չէ, որ նրա առասպելի նախատիպ են ծառայել իրական պատմական դեմքեր: Ըստ մի տեսության` Արթուրը Լուիցիուս Արտորիուս Կանտ անունով հռոմեացի հրամանատար էր:  

1. Ատլանտիսի կորուսյալ կղզին


Դեռևս վաղնջական ժամանակներից Ատլանտիսի գաղտնիքը հուզել է մարդկանց: Դժվար է նշել` արդյոք Ատլանտիսն իրականում գոյությո՞ւն է ունեցել, թե՞ ուղղակի առասպել է: Առաջին անգամ քաղաքի մասին հիշատակել է Պլատոնը Ք.ա 306թ.-ին: Պլատոնը նկարագրում էր Ատլանտիսն իբրև առաջադեմ քաղաքակրթություն և հզոր ռազմածովային ներուժ ունեցող քաղաք, որը կարողացել էր գրավել Եվրոպայի մեծ մասը, մինչև որ տեղի էր ունեցել հզոր երկրաշարժ, և բնական աղետի հետևանքով այն հայտնվել էր ջրի հատակին: Որոշ մարդիկ Ատլանտիսի մասին Պլատոնի հիշատակումները համարում են ուղղակի գեղարվեստական ստեղծագործություն, սակայն շատերն էլ ոգեշնչվել են նրա հիշատակած առաջադեմ քաղաքակրթությամբ բնակեցված այդ վայրը հայտնաբերելու մտքով, ինչի արդյունքում բազմաթիվ հնագիտական արշավախմբեր են կազմակերպվել` քաղաքը գտնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել