Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։ «Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղին ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհն էր գործում։ Այս պահին ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ և վերահսկողություն են իրականացնում. ճանապարհն արդեն գործում է»,–ասաց Պետրոսյանը։ Նրա խոսքով` ճանապարհը սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության առումով որևէ խնդիր չպետք է լինի։ Պետրոսյանը նշեց, որ Աղավնոյի, Սուսի և Բերձորի բոլոր բնակիչներն այս պահին տարհանված են` նրանց մեծ մասը վերաբնակեցվել է ՀՀ–ում, իսկ մի մասն էլ Արցախում է վերահաստատվել։ Պետրոսյանի խոսքով` իրենք հոգում են նրանց ծախսերը, որոնք հաստատվել են արցախյան հյուրանոցներում, իսկ բնակարանային կոմիտեն ժամանակավոր կացարանով է ապահովում նրանց, մինչև հիմնական կացարան կտրամադրեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: