Pastinfo.am-ը գրում է.

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած փլուզման առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է ավելի քան 90 անձ, այդ թվում՝ ՔՏՀԱ ՏՄ աշխատակիցներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պաշտոնապես հայտնի է, որ ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, այդ թվում՝ մանկահասակ երեխա և հղի կին, ևս մեկ քաղաքացի այս պահին համարվում է որպես անհետ կորած։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է մոտ 90 քաղաքացի, որոնց թվում ինչպես դեպքի վայրում մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիները, այնպես էլ գույքային վնաս կրած՝ առերևտրային գործունեությամբ զբաղվող տաղավարների սեփականատերերն են, ՔՏՀԱ ՏՄ աշխատակիցները։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով 72 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից 16-ը մահացել են 32 քաղաքացի կրել է գույքային վնաս, սակայն այս պահի դրությամբ տուժող է ճանաչվել 50 քաղաքացի։ Մեղադրյալներ չկան։
Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դիակի դատաբժշկական և համալիր փորձաքննություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել