Երեկ վերջնականապես համոզվեցինք, որ «Նախախորհրդարան» (թե՞ «Սարդարապատ») կազմակերպության երիտասարդ ակտիվիստների թշնամական վերաբերմունքը «Հայազնի» նկատմամբ նպատակային կերպով հրահրվում է այդ կառույցի ղեկավարության կողմից: Բացատրության փոխարեն լսեցինք միայն խղճուկ դեմագոգիա:

Այնպես որ, այլևս ոչ ոք թող ինձ չդիմի՝ ոչ Ժիրայր Սեֆիլյանին իր շրջապատից փրկելու, ոչ էլ նման շրջապատ հավաքագրելու փաստը կամ անիմաստ քաղաքական դիրքորոշումները բացատրելու հարցով: Նման մարդ ինձ համար այլևս գոյություն չունի: Գոյություն ունի շարքային մի կուսակցապետ, իր չհիմնավորված հավակնություններով, հրապարակային ու ոչ այնքան հրապարակային անհեթեթ ծրագրերով: Նա վերջապես գտել է իր շրջապատը, որում վայելում է կուռքի կարգավիճակ: Նախկին համագործակցությամբ պայմանավորված բարոյական սահմանափակումները այլևս գոյություն չունեն, և այսուհետ Նախախորհրդարան-Սարդարապատի ազգավնաս քայլերը, մյուս կուսակցություններին հավասար, ենթակա են լինելու անխուսափելի քննադատության: 

Փաստորեն «Սարդարապատ» խմբակի կամ ինքնահռչակ «Նախախորհրդարանի»` կուսակցությունների դեմ կեղծ պայքարի թիրախում բոլորովին էլ հին կուսակցությունները չեն` ոչ թալանչի իշխանական-օլիգարխիականները, ոչ էլ ժողովրդին հուսախաբ արած և հիմա հոգեվարք ապրող կեղծ ընդդիմադիրները, ոչ էլ անհեթեթ մարդ-կուսակցությունները: Հակակուսակցական դեմագոգիայի թիրախում առայժմ միայն նորակազմ «Հայազն» է, որին, լկտիաբար պիտակավորելով, փորձում են վարկաբեկել հատկապես երիտասարդության շրջանում: 

Սարդարապատի ու Նախախորհրդարանի «հակակուսակցականությունը» հավատ չի ներշնչում նաև այն պատճառով, որ այդ կազմակերպության ղեկավարը, միայն վերջին տարիներին, հաճախ իր թիմակիցների կամքին հակառակ, բազմիցս հույս է կապել, անձնական քաղաքական հայտարարություններով աջակցել և ուղղակիորեն գործակցել է Սամվել Բաբայան, Լևոն Տեր-Պետրոսյան և Րաֆֆի Հովհաննիսյան կուսակցապետերի հետ: Դեռ այս տարի կազմակերպության գրասենյակը զարդարված էր մեկ այլ կուսակցապետի` Հայրիկյանի լուսանկարներով:
«Նախախորհրդարան-Սարդարապատը» ինքն էլ պակաս կուսակցություն չէ, այն էլ հայկական իրականության ոչ լավագույն տեսակի կուսակցությունը ներքին ժողովրդավարության, ֆինանսավորման և այլ առումներով: 
Գուցե հենց դա է պաճառը, որ հարձակման թիրախում միակ քաղաքական միավորն է, որն, ի տարբերություն Նախախորհրդարանի, հանդես է գալիս պետության կուսակցականացված կաղապարի դեմ և ազգային սահմանադրության իր առաջարկած նախագծում հստակորեն ամրագրել է ազգային ինքնավարության չկուսակցականացված կաղապար:

Վերջերս «Հայազնի» նկատմամբ մրցակցային նախանձը ավելի է սրվել` քաղաքացիական բողոքի մի շարք գործողություններում մեր մի քանի երիտասարդ անդամների անհատական ակտիվ մասնակցության պատճառով: Ըստ ամենայնի, Սարդարապատ-Նախախորհրդարանը, ինչպես ցանկացած վատ կուսակցություն, ձգտում է սեփականաշնորհել նման ակցիաները, իսկ այլոց աչքի ընկնող մասնակցությունը դրան ակնհայտորեն խանգարում է:

Շատ ցավալի է, որ այս ամենում ներքաշվում են քաղաքական փորձ չունեցող երիտասարդներ, որոնց ուղեղները լցնում են լկտի ստերով և դրդում թշնամական արարքների:

Եթե Նախախորհրդարան-Սարդարապատում կան մարդիկ, որ անմասն են այստեղ հնչեցրած մեղադրանքներին, ապա, ներող եղեք, եթե այդ կառույցի անդամ եք, ուրեմն կրում եք կոլեկտիվ պատասխանատվության ձեր բաժինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել