Երևանում կայացած ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդաժողովի վերաբերյալ հայտարարություն տարածվեց, որտեղ մասնավորապես նշվում էր, թե «խորհրդաժողովը, ի թիվս այլ հարցերի, հաստատել է, որ առկա մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանը պետք է ամրապնդվի ներքնապես, միատեղի համայն հայության ներուժը, հստակեցնի և վարի նպատակային ու ակտիվ արտաքին քաղաքականություն»։
Համայն հայության ներուժի համատեղումն ու նպատակային և ակտիվ քաղաքականություն իրականացումն իսկապես առկա մարտահրավերների համատեքստում շատ կարևոր է: Հայտարարությունում բավականին ընդգծված ձևով կարևորվում է ակտիվ արտաքին քաղաքականության իրականացումը, ինչը համընկնում է ՀՀԿ-ի՝ արտաքին քաղաքականության ոլորտում հռչակված սկզբունքներին: Հետաքրքիր զուգադիպությամբ, հայտարարության տարածման օրերին ակտիվորեն շրջանառության մեջ դրվեցին ՀՅԴ երկու առանցքային դեմքերի՝ Լևոն Մկրտչյանի և Վահան Հովհաննիսյանի` եվրոպական երկրներում (շրջանառվում էր Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի անունները) դեսպաններ նշանակվելու հարցը:
Այն, որ այդ տեղեկությունները կտրուկ չհերքվեցին ՀՅԴ-ի կողմից, առիթ է տալիս պնդելու, որ նվազագույնը ՀՅԴ-ի ղեկավարների հետ այդ հարցը քննարկվել է: Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք երկրներում ՀՅԴ-ն ամուր և կայացած կառույցներ ունի, որի ներուժը հիմնականում օպտիմալ ձևով չի օգտագործվում: Չի բացառվում, որ արտաքին քաղաքական օրակարգի շուրջ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև տեղի ունեցած լինի քննարկում, ինչի արդյունքում որոշված լինի համագործակցել, ինչը կարտահայտվի նաև ՀՅԴ որոշ առանցքային անդամների դեսպաններ նշանակվելով:
Երկրորդ, վերջին օրերին կրկին քննարկման կիզակետում է հայտնվել Սահմանադրական փոփոխությունների թեման, ավելին, իշխանության ներկայացուցիչները, կարծես թե, չեն էլ հերքում դրա անհրաժեշտությունը: Վերջին ընտրական ցիկլում ՀՅԴ-ն ևս խոսում էր կառավարման համակարգի փոփոխությունների անհրաժեշտության մասին, և չի բացառվում, որ ՀՅԴ-ՀՀԿ հարթությունում կոնսենսուս կա ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության մասով:
ՀՅԴ-ն իսկապես մեծ ներուժ ունի, ինչը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի օգտագործվում: Այս տեսանկյունից քաղաքական գործընթացներին ՀՅԴ ակտիվ ներգրավվածությունը խիստ անհրաժեշտ է: Ու այստեղ առանձնապես կարևոր չէ, թե ՀՅԴ-ն ակտիվություն է դրսևորում` դիրքավորվելով ընդդիմադիր դաշտում, թե իշխանության հետ տարբեր հարցերի շուրջ համագործակցության է գնում (եթե իհարկե դա տեղի չի ունենում սեփական սկզբունքների անտեսման պայմաններում):
Հ.Գ. Ընտրություններից մեկի ժամանակ ՀՅԴ հանդես էր գալիս մի կարգախոսով, որը մանավանդ այս օրերին բավականին ակտուալ է՝ «Հին ընկերները չեն դավաճանում», միգուցե այս դեպքում «հին ընկերների դերում» հանդես կգան ՀՀԿ-ականները:



