Վերջին շրջանում բավականաչափ հաճախակի դարձած՝ Երևանի տարաբնույթ հասարակական վայրերում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ կեղծ «ահազանգերը», որոնց հերթական ալիքն ակտիվացավ Սուրմալուի աղետալի պատահարին համընթաց, նաև այսօր, ակնհայտ նպատակային ուղեգիծ են պարունակում՝ հայ հասարկությանը պահելու մշտական վախի, խուճապի և անհանգստության մթնոլորտում։
Մի բան անհերքելի է, որևէ ծայրահեղական, ահաբեկչական խումբ իր գործողությունը ծրագրելիս կամ իրականացնելուց առաջ չի իրազեկում դրա մասին։
Հաշվի առնելով նշված ուղեգծի հստակ միտումը՝ չի կարելի բացառել, որ այն նաև Հայաստանի արտաքին թշնամիների՝ մեր երկրի և ժողովրդի դեմ իրականացվող տեղեկատվական-հոգեբանական պայքարի առարկայական բաղադրիչներից է։ Գուցե նաև արտաքին հետքով է պայմանավորված ՀՀ համապատասխան կառույցների կողմից անհրաժեշտ հակաքայլերի բարդությունը։
Այս հարցում, իհարկե, մենք էլ բոլոր հնարավոր մակարդակներում՝ հանցավոր անփութությամբ, անկազմակերպվածությամբ, անտարբերությամբ, փնթիությամբ աջակցում ենք նրանց։
Ավա՜ղ, 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն։ Դրա շրջանակում արվում է ամեն հնարավորը, որպեսզի դեռ տևական ժամանակ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը չկարողանա ոտքի կանգնել, վերականգնվել, որպեսզի շատ ավելի դյուրին և անարգել իրականացվեն կիսատ մնացած ծրագրերը։ Սա Հայաստանի շուրջ և ներսում, Արցախում իրականացվող հակահայ քաղաքականության կարևոր շերտերից մեկն է՝ միտված հայկական պետականության վերջնական վերացմանը։
Անելիքը... ձախողել թշնամական դավադիր ծրագրերը բոլոր հնարավոր մակարդակներում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0ZcQdjTa9CgqC7LafXkdnRhGDFBgAz7BYqNB99252oKDgRw3ZTUz2hf3p7jn2AGoLl&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել