Արմեն Գրիգորյանի մահը, անկասկած, պետք է սթափեցնող ազդակ դառնա նախևառաջ հանրության համար՝ հստակորեն տեսնելու ու միևնույն ժամանակ հետայսու բացառելու իշխանական ամենաթողության հաղթարշավը, ևս մեկ անգամ համոզվելու՝ ցանկացած իշխանություն, որն իր ծոծրակին չի զգում հանրության զսպիչ շունչը, ընդունակ է այլասերման՝ անկախ ասենք այդ իշխանության պարագլխի պոպուլիստական հանճարի աստիճանից:

Այս իմաստով Գրիգորյանի մահը կարող է խթան դառնալ հանրային նոր ապստամբության, որ կարող է ու պետք է նախևառաջ դրսևորվի արժեհամակրգային հարթությունում: Առաջին հերթին պետք է հանրությունը չհամակերպվի վատի ու դեպի անկում տանող վիճակների հետ, քանզի հանդուրժել այս վիճակը կնշանակի մասնակից դառնալ իշխանական ժանտախտային խրախճանքին, իսկ չհանդուժելը պետք է շատ կոնկրետ նյութական դրսևորումներ ձեռք բերի՝ դուրս գալով ու ծավալվելով զուտ հոգեբանական սահմաններից: Սա է միակ ճանապարհը, որը կարող է կասեցնել իշխանությունների մահաբեր ընթացքը, բացառել նոր անմեղ մարդկանց մահն ու տառապանքը:

Մյուս կողմից՝ ընդդիմության քաղաքական պարտքն է լինելու հանրային արդար ցասման քաղաքական կապիտալիզացիան. էներգիան պետք է վերածել գործնական, շոշափելի արդյունքի՝ բացառելու հանրության վերջնական լիցքաթափումը, որը Հայաստանի համար կործանարար կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել