Տեղապտույտը հենց ձեր «խաղաղության» օրակարգն է
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում խոսելով հայ-ադրբեջանա-թուրքական հարաբերություններից նշել է, թե մենք հիմա ապրում ենք կարծրատիպով, որ հնարավոր չէ խաղաղ ապրել թուրքերի և ադրբեջանցիների հետ: Նա խորհուրդ է տվել կոտրել այդ կարծրատիպը: Միաժամանակ ոչ արդյունավետ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, մասնավորապես պատճառաբանելով, թե ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները պարզապես չեն կարողանում կամ չեն ուզում շփվել ռուս համանախագահի հետ:
«Կարծրատիպը» կոտրելու անհրաժեշտությունը Թորոսյանը պայմանավորել է տեղապտույտից դուրս գալու անհրաժեշտությամբ: Մինչդեռ, պատմությունը ցույց է տվել, որ տեղապտույտը հենց այս անհեռատես օրակարգն է, որ մշտապես ունեցել ենք ու անհաջողության ենք մատնվել: Հայտնի է բոլոր ժամանակներում լսված՝ «էս թուրքերն էն հին թուրքերը չեն: Սրանք լրիվ նոր ու քաղաքակիրթ թուրքեր են»: Այս պատմական փաստի մասին մի հրաշալի ներկայացում ունի նաև Վարդան Պետրոսյանը: Նա շատ պատկերավոր ներկայացնում է, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել, երբ մեր պատմության ընթացքում բոլոր ժամանակների ՔՊ-ականները այսպես են փորձել կառուցել մեր հարաբերությունները թուրքերի հետ:
Ես մշտապես պնդել եմ, որ խաղաղությունն իսկապես անհրաժեշտություն է, սակայն այն չի կարող գոյություն ունենալ, երբ քեզ պարտադրում են, իսկ դու՝ մուրում: Արսեն Թորոսյանի իշխանությունն ապացուցել է, որ այդ խաղաղություն կոչվածն իրենք, մեր անունից, մուրում են: Իսկ համաշխարհային պատմության բոլոր վկայությունները հաստատապես փաստում են, որ չի կարող գոյություն ունենալ պարտադրանքի լեզվով խաղաղություն: Դրանք հակադրություններ են, բնությանն ու քաղաքակրթությանը դեմ սպասելիքներ:
Եվ ուրեմն, քանի դեռ չունենք ազգային իշխանություն, որը կկարողանա իրապես ապահովել արժանապատիվ և մեզ համար երաշխավորված անվտանգ խաղաղություն՝ այս պատմական տեղապտույտից մենո այդպես էլ դուրս չենք գա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/pfbid02evgYgjBurwNGk6ckJu9Uu5JSVz6vCXUCAUS2DbW9KhgV7KLCCEKCcY7kDjnaoenXl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել