Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման, անցած շաբաթավերջին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։
Երևան ժամանելուց առաջ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ էր ունեցել Վրաստանում ու Ադրբեջանում։
Քերըն Դոնֆրիդ. ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում:
«Ազատություն». - Համագործակցելո՞վ Ռուսաստանի հետ:
Քերըն Դոնֆրիդ. - Այո՛։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։
«Ազատություն». - Բայց կա ևս մեկ խոչընդոտ. Ալիևն ասում է` «կարիք չկա, շնորհակալություն»:
Քերըն Դոնֆրիդ. - Դե, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, և մենք մասնակցում ենք այդ գործընթացին և կշարունակենք մասնակցել։
Նույնը նա կրկնեց նաև Երևանում՝ ընդգծելով. «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել այդ գործընթացին. մենք շատ ենք ցանկանում օգտակար լինել: ԱՄՆ-ը նաև անդամ է Մինսկի խմբի համանախագահության, որը կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ մենք հավատարիմ ենք մնում այդ գործընթացին։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը ևս կարևոր դեր է խաղում։ Այնպես որ, ես զգում եմ, որ սա հնարավորությունների պահ է տարածաշրջանի համար, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք Հայաստանին խաղաղության հասնելու համար»։
Իսկ արդյո՞ք հնարավոր է հասնել տևական խաղաղության, երբ Ադրբեջանի նախագահը պարբերաբար վերադառնումէ ռազմատենչ հռետորաբանությանը, խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին ու տասնյակ հայերի պահում Բաքվի բանտերում, հարցրինք փոխպետքարտուղարին։
Քերըն Դոնֆրիդ. - Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլորս մտածենք, թե ինչ հռետորաբանության ենք օգտագործում: Անկասկած, բառերը կարևոր են: Այնպես որ, մենք պետք է ուշադիր լինենք դրանք օգտագործելիս։ Կարծում եմ, որ գործողությունները նույնպես կարևոր են: Բայց եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման ուղղությամբ առաջընթաց պետք է լինի, ապա կասկած չկա, որ մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց խոսքերի նկատմամբ և հետևեն իրենց գործողություններին:
«Ազատություն». - Ուկրաինայի վերջին զարգացումները ցույց տվեցին նաև, թե որքան միասնական և ամուր կարող է լինել Արևմուտքը՝ պաշտպանելու այն երկրին, որը հարձակման է ենթարկվում ռազմատենչ հարևանի կողմից: Արդյո՞ք Հայաստանը կարող է Արևմուտքից ակնկալել նման ուժեղ և տեսանելի օգնություն, միգուցե՝ ռազմական աջակցություն, եթե ստիպված լինի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։
Քերըն Դոնֆրիդ. - ԱՄՆ-ը, աջակցելով Ուկրաինային, ցույց է տալիս, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Խոսքը նաև հիմնարար սկզբունքների մասին է, այն է՝ հարգանքը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, յուրաքանչյուր երկրի՝ իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը ընտրելու իրավունքի նկատմամբ: Մեր նպատակն է ապահովել, որ Ռուսաստանը երբեք չձեռնարկի նման ագրեսիվ ներխուժում որևէ այլ երկրի նկատմամբ: Ես նաև ուզում եմ հստակ ասել, որ որքան էլ կարևոր լինի այդ պատերազմը, որքան էլ կարևոր լինի մեր աջակցությունը Ուկրաինային, չի նշանակում, որ մենք ուշադրություն չենք դարձնում այլ խնդիրներին, Եվրոպայի այլ մասերին։ Եվ ես հույս ունեմ, որ իմ այցն այստեղ դրա շատ վառ օրինակն է: Իրավիճակը Հարավային Կովկասում շատ կարևոր է:
Ի պատասխան «Ազատության» հստակեցնող հարցին՝ փոխպետքարտուղարը տեղեկացրեց՝ Մինսկի խմբի թեման բարձրացրել է նաև Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպման ընթացքում, այլ մանրամասներ, սակայն, չփոխանցեց։
Բաքվում` Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններից հետո ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել էր՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու լավ հեռանկար կա։
Փոխպետքարտուղարին հիշեցրինք Հայաստանի վարչապետի վերջին ելույթներից մեկը, թե Հայաստանի միջազգային գործընկերներն ակնկալում են, որ Երևանը մի փոքր իջեցնի նշաձողը Ղարաբաղի կարգավիճակի հարցում՝ ապահովելու համար ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի ու Ղարաբաղի շուրջ։ Արդյո՞ք Վաշինգտոնը այդ գործընկերների շարքում է, և ի՞նչ է նշանակում նշաձողի իջեցում՝ մինչև ո՞ւր, հարցին փոխպետքարտուղարը խուսափեց պատասխանել՝ հորդորելով այդ հարցերը վարչապետ Փաշինյանից հստակեցնել։ Փոխարենը կրկին ընդգծեց՝ թեև Հայաստանը ցավոտ անցյալ է ունեցել հարևանների հետ, սակայն այսօր տարածաշրջանում նշմարվում է հաշտեցման և խաղաղության հասնելու հնարավորություն։
«Ես խորապես հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի այս աշխարհում: Եվ եթե կան բաներ, որոնց մենք հավատում ենք, և բաներ, որոնք մենք ցանկանում ենք, ապա մենք պետք է թե՛ միասնաբար, թե՛ անհատապես հետամուտ լինենք նրանց: Ու ես կարծում եմ, որ հաշտեցման օրակարգն այն օրակարգն է, որը վերաբերում է յուրաքանչյուր հայի։ Ես տեղյակ եմ, թե ինչ ցավալի պատմության կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ ես գիտեմ, թե որքան դժվար է առաջ նայել և այլ ապագա պատկերացնել: Բայց ես համոզված եմ, որ ձեր հեռուստադիտողներից յուրաքանչյուրն ավելի լավ ապագա է ցանկանում հայության հաջորդ սերնդի, բոլոր հայերի համար: Այնպես որ, իմ հանձնառությունն է ասել, որ մենք Միացյալ Նահանգներում ցանկանում ենք օգնել ձեզ՝ հասնել դրան: Եվ ես կարող եմ Ձեզ հավատացնել, որ մենք դա կանենք», - հայտարարեց Քերըն Դոնֆրիդը։