Civilnet.am-ը գրում է․
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝ «Եվրոասֆալտի» հաղթանակները պետական գնումների մրցույթներում շարունակվում են. գրում է Civilnet.am-ը։
Երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն հաղթում է առավել խոշոր մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարն ավելի քան 2,5 միլիարդ դրամ է։
Այսպես, «Եվրոասֆալտը» հաղթել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմակերպած ճանապարհների վերանորոգման աշխատանքների մրցույթներում։ Թեև դրանք հայտարարվել էին դեռ նախորդ տարի՝ 2021-ին, սակայն վերջնական համաձայնագրերը կնքվել են այս տարի՝ 2022-ին։
Պայմանագրերից մեկով ընկերությունն իրականացնում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է ավելի քան 1 մլրդ 45 մլն դրամ կամ շուրջ 2,3 մլն դոլար։
Գնման այս մրցույթին եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» հաղթել է ընդամենը 500 000 դրամ պակաս առաջարկ ներկայացնելով։ Այսինքն՝ վեց մասնակիցների շարքում «Եվրոասֆալտը» ընդամենը 0.05 տոկոսի գնիջեցմամբ է հաղթել։
Մեկ այլ պայմանագրով այս ընկերությունն իրականացնում է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է շուրջ 1,7 մլրդ դրամ կամ ավելի քան 3,7 մլն դոլար։
Այս մրցույթին էլ եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» առաջ է անցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունից՝ ներկայացնելով կրկին ընդամենը 500 000 դրամով կամ 0,03 տոկոս պակաս գնային առաջարկով։
Հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել ու ծանոթացել է Մխչյան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության, Եղեգնավան-Այգավան ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այնտեղ էր նաև Կառլեն Սիմոնյանը։
Պետական գնման մրցույթին մասնակցելու համար «Եվրոասֆալտ» ընկերությունը՝ ի դեմս ընկերության տնօրեն Կառլեն Սիմոնյանի, ներկայացրել է իրական շահառուների մասին տեղեկատվություն, որում պնդում է, թե ընկերության բաժնետերերը երկու կին են՝ Սվետլաննա Կամոյի Պողոսյանը և Գրետա Սարգսի Թադևոսյանը, ինքն էլ գլխավոր տնօրենն է։
Ընդհանուր առմամբ, վերջին գրեթե երկու տարում «Եվրոասֆալտը» պետական մարմիններից ստացել է ավելի քան 3,6 մլրդ դրամի կամ շուրջ 7,5 մլն դոլարի պատվեր։