Այսօր անխուսափելի է թվում ամերիկյան ռազմական օպերացիան՝ ընդդեմ սիրիական ռեժիմի: «Ամերիկացի պաշտոնական դեմքերը հաղորդել են ՄԱԿ-ին, որ ՄԱԿ-ի փորձագիտական խմբի ներկայացուցիչները լավ կանեն` չշարունակեն աշխատանքները»,-հայտնել է իրազեկված դիվանագիտական աղբյուրը:
«ԱՄՆ-ն բացահայտ կերպով չի պահանջել, որպեսզի փորձագետները հեռանան Սիրիայից, բայց տեղեկացրել է, որ հետախուզական ծառայություններն ունեն փաստեր, որ անցած շաբաթ խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառել է հենց իշխող ռեժիմը, և ՄԱԿ-ը այլևս կարող է չշարունակել հետաքննությունը», - հաղորդել է աղբյուրը:
ՄԱԿ-ի փորձագետների կողմից Սիրիան լքելը կդառնա Բաշար Ասադի ռեժիմի դեմ ռազմական գործողությունների մոտալուտ սկզբի մասին ազդանշան, ինչպես դա եղավ Իրաքի դեպքում՝ 1998-ին: Հիշեցնենք, որ 1998 թվականին ԱՄՆ-ն 4 օր շարունակ ռմբակոծում էր Սադդամ Հուսսեյնի ռեժիմին, որովհետև նրան մեղադրում էին, որ նա քիմիական զենք է թաքցնում: Այդ ժամանակ ռմբակոծությունները սկսվեցին փորձագետների կողմից Իրաքը լքելուց մի քանի ժամ անց: ՄԱԿ-ի փորձագետների այժմյան խումբը երեքշաբթի օրը ստիպված էր մնալ Դամասկոսի հյուրանոցներից մեկում, որովհետև նրանց անվտանգությունը պատշաճ մակարդակով չէին ապահովել:
Ինչպես գրել է «Foreign policy» պարբերականը, ամերիկյան հետախուզությունը ձայնագրել է մի սիրիացի զինվորականի հեռախոսազրույց, որի ժամանակ վերջինս խուճապահար պահանջել է իր վերադասներից բացատրություններ տալ՝ Դամասկոսի արվարձանների վրա իրականացված քիմիական գրոհի վերաբերյալ, անմիջապես գրոհից հետո:
Ինչպես հաղորդել է վերոնշյալ աղբյուրը, «Ռուսաստանցիները հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում պատերազմել և այդ կերպով փաստացի տվել են իրենց համաձայնությունը ամերիկյան սահմանափակ հարվածին՝ իրենց դաշնակցի նկատմամբ»: Ինչպես երեկ նշել է ամերիկյան ղեկավարության ներկայացուցիչը, պլանավորված գործողությունն ուղված չի լինելու իշխող ռեժիմը փոխարինելուն. «Խնդիրը նրանում է, որ պետք է թուլացնել Ասադին և նրա դիրքերը առաջիկայում կայանալիք Ժնևի համաժողովում: 2 տարի տևող զինված պայքարի արդյունքում այդպես էլ չհաջողվեց փոխել ուժերի հարաբերակցությունը Ասադի զորքերի և ապստամբների միջև: Արևմուտքը պատրաստվում է հարվածներ հասցնել սիրիական բանակի բազաներին՝ հույս ունենալով, որ այդ կերպ կամրապնդի սիրիական աղքատ ընդդիմության դիրքերը»: Ամերիկացի ստրատեգները չեն պատրաստվում ռմբակոծել Ասադի նստավայրը Դամասկոսում, բայց օրինակ Լատակիայում գտնվող նստավայրը կարող է ներառվել թիրախների ցանկի մեջ:
Պետք չէ նաև բացառել Ալ Կաիդայի հետ կապ ունեցող խմբավորումների հարվածներ հասցնելու հավանականությունը, որովհետև դա կօգնի Արևմուտքի հովանավորության ներքո գործող «չափավոր» ընդդիմադիրներին: «Հակառակ դեպքում նման օպերացիան միայն ավելի կուժեղացնի իսլամիստ ծայրահեղականների դիրքերը: Դա կօգնի, որպեսզի կտրուկ հակաիսլամիստական քաղաքականություն վարող Ռուսաստանը ավելի հեշտ կուլ տա իր դաշնակցի նկատմամբ ռազմական օպերացիա իրականացնելու դառը կորիզը», - նշել է դիվանագիտական աղբյուրը: Ինչպես կարծում է դիվանագետը, հարված հասցնելու դեպքում ամերիկացիները կխուսափեն դա անել ուրբաթ օրը, որպեսզի ավելորդ լարվածություն չստեղծեն իրենց շուրջ առանց այն էլ լարված իսլամական աշխարհում: Այնպես որ, գործողությունների պետք է սպասել չորեքշաբթի-հինգշաբթի օրերին:



