ՔՊ-ական պատգամավորները, ջանալով ինչ-որ կերպ փրկել սեփական իշխանության դեմքը, ժամանակ առ ժամանակ փորձում են նաև որոշակի գաղափարական վեճի բռնվել ընդդիմության հետ՝ քննարկման առարկա դարձնելով, սակայն, այն հարցերը, որոնք իրենք են ցանկանում ու նախընտրում:

Օրինակ՝ Ջուլհակյան Արուսը, անդրադառնալով ընդդիմության խոստմանը՝ հնարավորության դեպքում մարդկանց գլխին փորձանք դարձած բալային համակարգը և կարմիր գծերը վերացնելու ու կասեցնելու գույքահարկի ռեֆորմը, ընդդիմախոսել է միայն գույքահարկի ռեֆորմի շուրջ՝ պարզաբանելով, թե իբր դրանով իրենք փորձելու են «թալանչիներին» ստիպել ավելի շատ հարկեր վճարել՝ ապրիորի եզրակացնելով, որ ՀՀ-ում թանկարժեք գույք կարող են ունենալ միայն նախկինները՝ թալանչիները: Միաժամանակ անտեսել էր առաջին երկու խնդիրները, որոնք, անկասկած, առավել հրատապ են ու ժողովրդին հուզող:

Նախ՝ գույքահարկի ռեֆորմն այն տրամաբանությամբ, որը հնչեցնում է ՔՊ-ական Արուսը, ակնհայտորեն չի կարող բխել առաջին հերթին իր իսկ թիմի անդամների շահերից՝ հաշվի առնելով այն, թե ովքեր են առաջին ապօրինաբար հարստացածներն այս երկրում. Գռզոյի ինչի՞ն է պետք, օրինակ, այդ օրենքը կամ Գուգոն ինչո՞ւ պետք է շահագրգիռ լինի դրանով: Այս իմաստով Արուսն ակամա թշնամանում է ազդեցիկ ՔՊ-ականների հետ՝ չնայած մյուս կոմղից՝ ո՞վ է ասել, որ օրենքը տարածվելու է բոլորի վրա: Միևնույն ժամանակ՝ եթե Արուսի ներկայացրած քաղաքական ուժը խոսում է թալանի վերադարձի մասին՝ այդ հարցում մրցակցելով ընդդիմության հետ, ապա թալանի վերադարձի նպատակ ունեցողը ոչ թե օրենք է ընդունում հարկման մասին, այլ հանցագործներին ուղղակի ուղարկում է բանտ. հարկ տալ-չտալու մե՞ջ է խնդիրը, թե՞ ունեցվածքի ծագման:

Փոխարենը սեփական գլխից դուրս բաներ հորինելու՝ ավելի լավ կլիներ, եթե գոնե հիմա համապատասխան պետական մարմինները չեղարկեին բալային համակարգը և վերացնեին կարմիր գծերը՝ ելնելով առնվազը քաղաքական նպատակահարմարությունից: Բայց չեն անում, իսկ թե ինչու, պարզից էլ պարզ է. ձև չունեն, վիզ փող է պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել