Hetq.am-ը գրում է.
2022 թվականի ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։
Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընթացիկ տարում «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 22,5 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը տարատեսակ կահույք է մատակարարել պետական մարմիններին։
Նշված պայմանագրերից ամենավերջինը Վարչապետի աշխատակազմի կատարած գնումն է։ Մայիսի 6-ին ստորագրված պայմանագրով՝ մոտ 3 միլիոն դրամի դիմաց «Արգավանդ կահույքը» պարտավորվել է 5 չհրկիզվող պահարան և 25 բազկաթոռ մատակարարել։
Այս տարվա պայմանագրերից ամենախոշորը կնքվել է փետրվարի 16-ին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ։ Մոտ 7,5 միլիոն դրամի դիմաց ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունը աթոռներ է մատակարարել համալսարանին։
«Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հետ 2022-ի ընթացքում առանց մրցույթի պայմանագրեր են կնքել Հանրապետության նախագահի աշխատակազմը, Հանրային հեռուստաընկերությունը, Վիճակագրական կոմիտեն ու Սահմանադրական դատարանը։
Հիշեցնենք՝ մեր նախորդ հոդվածներում անդրադարձել էինք այն հանգամանքին, որ 2014թ․ հիմնադրված ընկերությունը 2018 թվականի իշխանափոխությունից հետո է սկսել ակտիվորեն մասնակցել և հաղթել պետական գնումների մրցույթներում։ Մինչ այդ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն ընդամենը երեք անգամ էր շահել այդ մրցույթներում։ Իշխանափոխությունից հետո «Արգավանդ կահույքի» և պետական տարբեր մարմինների միջև կնքված պայմանագրերի թիվը մոտ 180 է, իսկ դրանց ընդհանուր արժեքը գրեթե 300 միլիոն դրամ։
Նախկինում գրել էինք նաև, որ 2018-ից սկսած պետգնումների մրցույթներին ակտիվորեն մասնակցում է նաև Վահան Նարիբեկյանի եղբորը պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն։
Վահան Նարիբեկյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Ալեն Սիմոնյանի 2021թ․ օգոստոսի 3-ի կարգադրությամբ՝ նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։ 2021-ի օգոստոսի 12-ին «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը Վահան Նարիբեկյանը փոխանցել է իր եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին, սակայն շարունակում է հանդիսանալ ընկերության 100 % բաժնեմասի սեփականատերը։
«Հետքի» հետ զրույցում Վահան Նարիբեկյանը նշել էր, որ նախկինում իրենց խոչընդոտում էին գնումների գործընթացին մասնակցելու համար, իսկ այժմ դաշտը ազատականացվել է։ Միևնույն ժամանակ, Նարիբեկյանը պնդում էր, որ Ալեն Սիմոնյանի հետ ընկերական հարաբերությունները իրենց համար շահեկան դիրք չեն ապահովել։ Վահան Նարիբեկյանի խոսքով՝ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո դադարել է զբաղվել բիզնես գործունեությամբ։