Բուլվար նշանակում է ընդարձակ, երկայնաձիգ ծառուղի, սովորաբար փողոցի կենտրոնում, որը ծառայում է որպես զբոսատեղ։
Բուլվար անունը մեզ է անցել ռուսերենից, բայց գալիս է ֆրանսերենից և կապված է Փարիզի զարգացման պատմության հետ։ Իր ժամանակին Փարիզից դուրս եղել են հողաթմբեր, որոնք բուլվար են կոչվել։ Ժամանակին դրանք քաղաքի համար ունեցել են պաշտպանողական նշանակություն։
Փարիզը, ժամանակի ընթացքում ընդարձակվելով, դուրս է եկել հին սահմաններից` իր մեջ առնելով հողաթմբերը՝ բուլվարները, որոնք կորցրել են իրենց պաշտպանողական նշանակությունը։ Դրանք հարթվել են ու ծառեր տնկվել։ Դրանցից հետո բուլվար բառը նոր իմաստ է ստացել։
Հետագայում «բուլվար» բառը ֆրանսերենից անցել է Ռուսաստան և լայն տարածում գտել Մոսկվայում։ Ապա արդեն ծայրամասերն է գնացել, այդ թվում հասել է նաև Երևան։
Երևանում «բուլվար» էր կոչվում քաղաքի կենտրոնական զբոսայգին, որը մի ընդարձակ ծառուղի էր։
Ժամանակին Երևանը փոքր էր, իսկ բուլվարն էլ իր դիրքով քաղաքի նկատմամբ կենտրոնական դիրք ուներ։ Նա դարձել էր երևանցիների նախընտրելի հանգստավայրը։
Նրա սաղարթախիտ ծառերի տակ հանգստանում ու զբոսնում էին քաղաքացիները, որոնց ականջին անընդհատ հնչում էին «սառը ջուր տամ», «աղբարակի ջուրը խմողը» բառերը։ Դրանք այն պատանիների խոսքերն էին, որոնք կուլաները ձեռքներին շրջում էին բուլվարով և սառը ջուր առաջարկում այգում հանգստացողներին։ Ջուր ծախելը պատանիներից շատերի համար ապրուստի միակ միջոցն էր։ Դրանք այն անապաստան երեխաներն էին, որոնց ծնողները զոհ էին գնացել թուրք յաթաղանին։
Բուլվարը սկսում էր այնտեղից, ուր հիմա բարձրանում է Լենինի արձանը։ Այստեղ էր գտնվում նաև քաղաքի «Ֆանտազիա» (հետագայում պրոլետար) կինոթատրոնը, որը տեղադրված էր քաղաքային վարչության հին շենքում։ Շենքի գլխին էր գտնվում քաղաքի ժամացույցը։ Նրա սլաքները բաց էին, և նրանց վրա հաճախ նստում էին թռչունները, և դրա հետևանքով ժամացույցը մի քանի րոպե տարբերություն էր տալիս։
Բուլվարի հարավային ծայրում գտնվում էր ռուսական եկեղեցին, ուր այժմ կանգնեցված է Ստեփան Շահումյանի հուշարձանը։