ArmDaily.am-ը գրում է․
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ ընթացիկ ներքաղաքական առճակատումն ավելի է թուլացնում ԼՂ հարցում առաջիկա դժվարագույն բանակցություններում ՀՀ դիրքերը: Տեր-Պետրոսյանի հոդվածը հրապարակվել է ilur.am-ում։ ՀՀ առաջին նախագահը մտավորականներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ստիպել նստել մեկ սեղանի շուրջ։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ասաց, որ դժվարանում է պատկերացնել այդպիսի իրավիճակ, որ նախկին և ներկա ղեկավարները նստեն մեկ սեղանի շուրջ։
«Առաջարկություն է արել, թող կողմերը արձագանքեն։ Երևի հարգելով Առաջին նախագահի ստատուսը՝ կողմերը կարձագանքեն»,- ասաց Աղազարյանը։
Իր հոդվածում Առաջին նախագահը նաև հայտարարել էր, որ «ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»։
Հովիկ Աղազարյանը ցավում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդպիսի կարծիք ունի մեր հայրենքի և մեր հայրենիքի տարբեր իշխանությունների մասին։
«Ուղղակի պետք է ասեմ, որ ինքը շատ բաներ իրենով է չափում։ Այսինքն՝ ինքը լավ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում իշխանություն։ Իրեն թվում է, թե իշխանությունը այն է, ով իշխանության ղեկին է։ Օրինակ՝ 96 թվականի ընտրություններից հետո իրեն թվում էր, թե ինքը իշխանություն է, նախագահ է, որովհետև ինքը իշխանության ղեկին է, հրամանագրեր է ստորագրում, բայց ինքը նախագահ չէր, որովհետև ժողովուրդը իրեն չէր ընտրել և երբ որ իր իսկ կադրերը իրեն ասեցին՝ «փըխկ», ինքը թողեց, փախավ՝ այն դեպքում, երբ իր մոտեցումները հարցի լուծման համար բավականին ընդունելի էին։ Բայց ինքը չկարողացավ այդ քայլերը կատարել, որովհետև ինքը նախագահ չէր, ինքը իշխանություն չէր։ Իր կերպարով իշխանությունը բռնազավթել էին այն ժամանակվա ուժային մարմինները և այդ ուժային մարմինները իրեն ասեցին «փըխկ» ու ինքը փախավ։ Հիմա ինքը շփոթում է այն իրավիճակը, այս իրավիճակի հետ»,- ասաց Աղազարյանը։
Նա նկատում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր բացարձակ իշխանություն է, քանի որ նա դարձել է վարչապետ 1991 թվականի ընտրություններից հետո առաջին անգամ թափանցիկ ընտրությունների արդյունքում։
«Նիկոլ Փաշինյանը գիտի, որ իր թիկունքին կանգնած է ժողովուրդը և ինքն է բոլորին ասում՝ «փըխկ»»,- ասաց Աղազարյանը։
ՔՊ-ական պատգամավորի կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել նման հայտարարությամբ, որպեսզի իր անհանգստությունը արտահայտի ստեղծված իրավիճակի առնչությամբ։
«Յուրաքանչյուր քաղաքացի այսօր անհանգստություն ունի այն մարտահրավերների հետ կապված, որ ծառացել են մեր առաջ, Արցախի առաջ։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես քաղաքացի կարողանա անհանգստություն ունենալ՝ գումարած դրան այն կարգավիճակը, որն ինքն ունեցել է, այդ իմաստով ինքը գտնում է, որ իր խոսքը շատ օգտակար կարող է լինել որոշ հարցերի համար»,- ասաց պատգամավորը։
Ըստ Աղազարյանի՝ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի շատ համակիրներ ունի, քան ներկայիս ընդդիմությունը։
Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին՝ ՔՊ-ական պատգամավորը ոչ մի դատապարտելի բան չի տեսնում, եթե դրանք օրինականության և սահմանադրության շրջանակներում են։
«Մարդիկ, քաղաքացիները արտահայտում են իրենց դժգոհությունը։ Իհարկե, ես կարող եմ ասել, որ այդ ցույցերի, հանրահավաքների մեջ մի հսկայական զանգված կա, որ դա անում է միայն ու միայն էս պահի նյութական շահագրգռվածության հենքի վրա, բայց ես նաև վստահ եմ, որ այդտեղ կան մարդիկ, որոնք անկեղծորեն գտնում են, որ իշխանությունը ճիշտ ճանապարհով չի գնում և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Այդտեղ ես ոչ մի դատապարտելի բան չեմ տեսնում։ Միայն ու միայն մնան օրենքների շրջանակներում, հնարավորինս քիչ խաթարեն քաղաքացիների ազատությունները»,- ասաց Աղազարյանը։