Past.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ չէր կարծում, թե Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիան այսքան կերկարի:

«Բայց ես այնքան էլ խորացած չեմ այս խնդրում, որպեսզի ասեմ՝ այն ընթանում է ըստ պլանի, ինչպես ասում են ռուսները, թե այնպես, ինչպես ես եմ դա զգում: Կրկին ուզում եմ ընդգծել, ես զգում եմ, որ այս գործողությունը ձգձգվում է»,- ասել է Լուկաշենկոն Associated Press-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ ամեն ինչ անում է «պատերազմը դադարեցնելու համար»։ Լուկաշենկոն նշել է, որ իր շնորհիվ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններ են սկսվել։ Սակայն նա կշտամբեց Կիևին Ռուսաստանի Դաշնության հետ բանակցելու ցանկություն չունենալու համար։

«Ես գիտեմ Ռուսաստանի դիրքորոշումը: Ես գիտեմ, թե ինչ է առաջարկում Ռուսաստանն Ուկրաինային: Բայց թե ինչու Ուկրաինան, որի տարածքում իրականում պատերազմ է, ռազմական գործողություններ են, մարդիկ են զոհվում, հետաքրքրված չէ այս բանակցություններով, այլ հարց է։ Բայց այս հարցի պատասխանը կարելի է գտնել Վաշինգտոնում»,- ասել է Բելառուսի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել