Ապրիլի 28-ին «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնը նախաձեռնել է հերթական միջոցառումը՝ նշանավոր տումեցի, 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ, ԼՂՀ Վաստակավոր մանկավարժ, բազմաթիվ հրապարակախոսական և պատմաաշխարհագրական ակնարկների հեղինակ, մտավորական Խորեն Ղազարյանի՝ վերահրատարկված «Տումի» գրքի շնորհանդեսը։ Խորեն Ղազարյանը հեղինակել է «Աղբուլաղ-Ակնաղբյուր» և «Տումի» գրքերը: «Տումի պատմաաշխարհագրական ակնարկներ» գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2003թ, 2005թ. արժանացել է ԼՂՀ Կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի: Գրքի վերահրատարակումը մեծ խորհուրդ ունի՝ այն տումեցիների, առհասարակ՝ բոլոր հադրութցիներիս անմար հույսի մի շող է, որ մեր պապենական հողերը, որոնք օկուպացված են թշնամու կողմից, վաղ, թե՝ ուշ վերադառնալու են իրենց իրական տերերին: Գրքի վերահրատարկված տարբերակի շնորհանդեսի կազմակերպման օրը պատահական չէր ընտրված. Խորեն Ղազարյանն այսօր կդառնար 94 տարեկան: Միջոցառմանը ելույթ ունեցան հեղինակի հարազատները՝ Զինա Գասյանը, Էմմա Սարդարյանը, Նուշա Ղազարյանը, Արմինե Բաբայանը՝ ներկայացնելով Խորեն Ղազարյան մանկավարժի, մարդու, հայրենասեր ու պատվախնդիր տումեցու անցած կյանքի ուղին: Ներկաները դիտեցին փոքրիկ տեսանյութ՝ Արցախի Հանրային հեռուստատեսության «Իմ գրադարանում» հաղորդումից՝ ունկնդրելով Խ. Ղազարյանին: Իրենց սրտի խոսքն ասացին նաև նկարիչ Ավետիս Խաչատրյանը, տարիներ առաջ Տումի այցելած և Ղազարյանների հարկի տակ հյուրընկալված Մարկը, իսկ միջոցառման գեղարվեստական մասը, ինչպես միշտ, իրենց գեղեցիկ ելույթներով զարդարեցին «Դիզակ Արտ»-ի տաղանդաշատ սաները: Երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Անուշ Ստեփանյանը և Մհեր Մոսյանը: «Տումի» գրքի շնորհանդեսին ներկա էին Ղազարյան գերդաստանի գրեթե բոլոր անդամները, տումեցիներ, հադրութցիներ, ՀՀ -ում ԱՀ Մշտական ներկայացուցիչը , «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամներ, շվեյցարացի լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզը, «Դիզակ Արտ» կենտրոնի բարեկամներ, հյուրեր:




