Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման վերաբերյալ։

Թուրքական հեռուստաալիքը բացատրություն է խնդրել. «Ինչի՞ հիման վրա է Բայդենը պնդում, որ Ուկրաինայում ջարդերը որպես «ցեղասպանություն» որակելու հարցը պետք է թողնվի իրավաբանների միջազգային հետաքննության հայեցողությանը, իսկ 1915 թվականի իրադարձությունները նա որակում է որպես ցեղասպանություն։ Իսկ ինչո՞ւ են ցեղասպանության սահմանման երկու հայտարարությունները, որոնք արվել են մի քանի շաբաթվա տարբերությամբ, տարբերվել միմյանցից, ինչպես ցերեկը, գիշերը»։

Ըստ թուրքական պետական հեռուստատեսության, պատասխանում ասվում է, որ «1915 թվականի իրադարձությունների առնչությամբ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու պատճառը ԱՄՆ Պետդեպարտամենտի այն ժամանակվա աշխատակիցների զեկույցներն են»։

«Նախագահ Բայդենի կողմից իր հայտարարության մեջ ցեղասպանության սահմանման օգտագործումը հիմնված է պատմական արձանագրումների վրա, որոնք պատրաստվել են այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ծառայող ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների զեկույցներից, և այդ արձանագրումները համապատասխանում են ժամանակակից հետազոտություններին», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել