Ոստիկանապետի տեղակալը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել
Ես, որպես Ազատության հրապարակում տեղի ունեցող շտապ հավաքի պաշտոնական կազմակերպիչ պաշտոնապես հայտնում եմ, որ ոստիկանապետի տեղակալ Հ.Ֆիդանյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ օրենսդրական կարգավորումները մեկնաբանվել են չափից դուրս սուբյեկտիվ:
Այսպես,
1. հավաքների ազատությունը սահմանադրական իրավունք է, որի իրացումը չի ենթադրում որևէ պետական կառույցի թույլտվություն:
2. Ինքնաբուխ կամ մինչև 100 հոգու մասնակցությամբ հավաքների համար որևէ իրազեկում չի պահանջվում: Նախատեսված է միայն 1 պայման, այն է՝ կազմակերպչի կողմից ոստիկանությանը հայտնելը և ներկայանալը, որի նպատակն է ոստիկանության պարտականություն հանդիսացող աջակացություն ստանալը:
3. Բոլոր այն դեպքերում, երբ մասնակիցների քանակն անցել է 100 հոգին՝ իմ կողմից լիազոր մարմնին ներկայացվել է պատշաճ իրազեկում: Այդպիսի իրազեկումները բազմաթիվ են: Այդ իրազեկումներում ներկայացվել են այմ բոլոր միջոցները, որոնք օգտագործվում են հավաքի ընթացքում: Միջոցների ցանկում ընդգրկված են նաև վրանները, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը կամ որևէ այլ պետական մարմին իրավունք չունի արգելելու դրանց օգտագործումը:
4. Ինչ վերաբերվում է նախապես իրազեկմամբ հավաք անցկացնելու կանոնին, ապա այդ ռեժիմն օրենքը նախատեսում է միայն նախապես պլանավորված հավաքի համար: Այդպիսի օրինակ է ապրիլի 25-ից նախատեսված հավաքները, որոնց մասին նախապես իրազեկումս քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:
Այսպիսով, ոստիկանությանը հորդորում եմ չկաշկանդվել քաղաքական իշխանության կամայականություններով և վախերով, պահպանել օրենքի ոգին ու տառը և չդիմել սադրիչ գործողությունների:
Ոստիկանության կողմից ձեռնարկված ցանկացած ապօրինի գործուղության հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է հենց ոստիկանությունը:
Ոստիկանության պետի տեղակալի հայտարարությունների առնչությամբ հրավիրում եմ ՄԻՊ-ի ուշադրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել