Ոստիկանությունն ընտրել է իմ ընտանիքն ահաբեկելու գործելաոճը
2022 թվականի ապրիլի 9-ի առավոտյան Երևանի մեր բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցներ՝ ցանկանալով մուտք գործել բնակարան։ Իմ այն հարցին, թե որն է այցի նպատակը, պատասխանել են, որ ինձ ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առիթով ՀՀ ոստիկանության պետին հանցագործության մասին իմ կողմից ներկայցված հաղորդման գործի շրջանակներում, նյութեր նախապատրաստելու համար, ցանկանում են ինձնից լրացուցիչ բացատրություններ ստանալ։ Սա այն դեպքում, երբ հանցագործության մասին հաղորդման մեջ ես նշել էի իմ բջջային հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստ հասցեն։ Այսինքն, փոխարենը հեռախոսազանգով պարզելու իմ կողմից լրացուցիչ բացատրությունների անհրաժեշտության մասին (ինչը, ըստ էության չէր կարող լինել, քանզի ամեն ինչ ես մանրամասն շարադրել եմ իմ դիմումում), ոստիկանությունը որոշել է շաբաթ օրն առավոտյան գալ իմ բնակարան, ինչից միայն ահաբեկվեցին իմ երեք անչափահաս աղջիկները։
Ես ուզում եմ իմանալ, բոլոր այն քրեական գործերով, երբ պարզվում է, որ ծանր վիրավորանք է հասցվել Նիկոլ Փաշինյանին կամ իշխանությունների մյուս ներկայացուցիչներին, ոստիկանության աշխատակիցները շաբաթ օրով այցելու՞մ են նրանց բնակարաններ, թե տեղի է ունենում հակառակը։ Այսինքն, երբ վիրավորանքի թիրախում իշխանությունների ներկայացուցիչներն են, ապա ոստիկանությունն այցելում է վիրավորողներին (երբեմն թատերականացված մասկի-շուոներով) բերման ենթարկում նրանց, երբ վիրավորանքի թիրախում են հայտնվում ընդդիմության ներկայացուցիչները, ապա ոստիկանությունն այցելում է վիրավորանք ստացողների բնակարաններ։
Հ․Գ․ Ինձ հայհոյանք կամ ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի առիթով ես հանցագործությունների մասին մի շարք հաղորդումներ եմ ներկայացրել, ոստիկանություն, որոնցից երկու դեպքում, իմ տեղեկություններով, արդեն հարուցվել են քրեական գործեր (նախորդ դեպքերում ոստիկանության աշխատակիցները բավարարվել են հեռախոսազանգերով ինձ հետ ճշգրտումներ կատարելով, այս անգամ փոխել են գործելաոճը՝ հավանաբար պայմանավորված իմ հանրային գործունեության ակտիվության հանգամանքով)։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1304361160087351&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել