Azatutyun.am-ը գրում է․
Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում տարածված հայտարարության մեջ պատահաբար չէր ներառվել դրույթը, ըստ որի՝ խաղաղության ապագա պայմանագիրը պետք է անդրադառնա «անհրաժեշտ բոլոր հարցերին», «Ազատությանն» ասել է բանակցություններին մոտ կանգնած եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապագա քննարկումները ներառելու են նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
«Այդ արտահայտությունը պատահմամբ չէր այնտեղ», - ասել է դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով, և ընդգծել՝ «այն, որ արտգործնախարարները այժմ պետք է աշխատեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, նշանակում է, որ կլինեն պարբերական հանդիպումներ և շարունակական ներգրավվածություն Եվրամիության կողմից»։
Երկու օր առաջ Բրյուսելում ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո հաղորդվեց՝ կողմերը պայմանավորվել են նաև մինչև ապրիլի վերջ համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի դելիմիտացիայի, դեմարկացիայի և սահմանի երկայնքով կայունության և անվտանգության հարցերով։ Արդյո՞ք մինչ այդ ադրբեջանական զորքերը հետ են քաշվելու Հայաստանի տարածից, ինչպես պահանջում էր Հայաստանի կառավարությունը՝ «Ազատության» հարցին եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն արձագանքել է՝ կա ըմբռնում, որ երկու կողմից էլ պետք է զորքերի հետքաշում լինի։
«Վիճահարույց մի շարք տարածքներ կան, որտեղ մենք պետք է աշխատենք՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Բայց նախ պետք է ինչ-որ համաձայնության հասնել համատեղ սահմանային հանձնաժողովի շուրջ, իսկ հետո՝ որպես առաջնահերթություն, փորձել նվազեցնել լարվածությունը վիճահարույց տարածքներում», - ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: